Մակունց․ «Իմ քայլը» կարող է ՀՌԱՀ-ից պահանջել պատասխանատվության ենթարկել Փաշինյանի ելույթին նախորդող կադրերը հրապարակողին

Մակունց․ «Իմ քայլը» կարող է ՀՌԱՀ-ից պահանջել պատասխանատվության ենթարկել Փաշինյանի ելույթին նախորդող կադրերը հրապարակողին

PanARMENIAN.Net - «Իմ քայլը» խմբակցության համար անընդունելի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձից առաջ արված կադրերի հրապարակումը, խմբակցությունում ակնկալում են, որ կարճ ժամանակում այդ ամենն ունենալու է հետևանքներ, դրա հետ կապ ունեցող անձինք կրելու են պատասխանատվություն, հայտարարել է խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է Factor.am-ը։

Ավելի վաղ համացանցում հրապարակվել էին կադրեր, որտեղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր տեսաուղերձով ուղիղ եթերում խոսել Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման մասին։ Փաշինանն այդ կադրերում պատրաստվում է ելույթին։

Տեղեկություններ էին շրջանառվում, թե կադրերի «արտահոսքը» եղել է Հանրային հեռուստաընկերությունից։ Հանրայինը հերքել էր դրանք՝ նշելով, որ ցավում են նախապատրաստական կադրերով հոլովակի տարածման համար։ Հեռուստաընկերությունից հայտնել էին նաև, որ Փաշինյանի ելույթը հեռարձակվել է բաց կապուղով, որին հասանելիություն են ստացել ևս 8 հեռուստաընկերություն և ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը:

Մակունցը նշել է նաև, որ եթե կարճ ժամանակահատվածում պատասխանատվության ենթարկվողներ չլինեն, ապա «Իմ քայլը» պատրաստվում է ՀՌԱՀ-ի խորհրդին հրավիրել խմբակցություն և պահանջել, որ նման դեպքերը բացառվեն, նաև զբաղվեն պատասխանատվության հարցով։

«Տարբեր մեկնաբանություններ կարող են հնչել անփութության, ոչ պրոֆեսիոնալիզմի, դիտավորության տիրույթներից։ Մեզ համար առաջին հերթին սա տեղեկատվական անվտանգության խնդիր է։ Այն ընթացքում, երբ վարչապետը տեղյակ չէր, որ իրականում ուղիղ հեռարձակում է տեղի ունենում, կարող էր հնչել արտահայտություն կամ նախադասություն, որը ոչինչ չի ասում անձնակազմի կամ ներկա գտնվողների համար, բայց, դա լիներ լրջագույն խնդիր՝ զուտ անվտանգության տեսանկյունից»,- ասել է նա՝ հավելելով, որ իրենց դիրքորոշումը կոշտ է և վճռական։

Ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ ուղերձը բաց կապուղով մյուս հեռուստաընկերություններին տրամադրելը չի նշանակում, որ հեռուստաընկերությունը պետք է բաց կապուղի ապահովեր` սկսած նախապատրաստական աշխատանքներից: Նա նշել է, որ Հանրայինը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---