Պատգամավոր․ «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողների ցույցից հետո Վանաձորում վարակման դեպքերը կարող են կտրուկ ավելանալ

Պատգամավոր․ «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողների ցույցից հետո Վանաձորում վարակման դեպքերը կարող են կտրուկ ավելանալ

PanARMENIAN.Net - Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցների բողոքի ակցիայից 2 շաբաթ հետո քաղաքում կարող է կորոնավիրուսի դեպքերի լուրջ աճ գրանցվել, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Ապրիլի 21-ին ֆաբրիկայի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել այն բանից հետո, երբ հայտարարվել էր, որ ֆաբրիկան կսկսի աշխատել, սակայն ոստիկանության ծառայողներն աշխատավայր եկածներին դուրս էին հրավիրել։

«Ես տեսա, որ մոտ 100 հոգի, ավելի կամ պակաս, կապ չունի, հավաքված են մի տեղ և պահանջում են աշխատանք։ Ինձ մի հարց է հետաքրքրում՝ կապված կորոնավիրուսի հետ․ այս մարդիկ իրար կողք էին կանգնած։ Վրաստանում, օրինակ, իրավիճակը չի վերահսկվում այնպես, ինչպես մեզ մոտ, որովհետև նրանք հասցեական ձևով չգիտեն, թե որտեղից է գալիս վարակը, մենք կարող ենք գտնվել այդպիսի իրավիճակում։ Վրաստանը 4 մեծ քաղաք փակեց, քանի որ չգիտեին՝ որն է վարակի աղբյուրը։ Այն, ինչ տեսանք Վանաձորում, կարող է այդպիսի իրավիճակ ստեղծել մեր մեծ քաղաքում։ Իհարկե, գործարանը պետք է աշխատի, եթե Կառավարության որոշմամբ՝ բոլոր անհրաժեշտ անվտանգության հետ կապված հարցերն ապահովվում են, բայց այն, ինչ կատարվում է՝ անընդունելի է։ Խոսքն այն մասին չէ, որ մարդիկ հավաքվել և ըմբոստանում են, այլ այն, որ 2 շաբաթից մենք լուրջ թվեր կարող ենք ունենալ Վանաձորում»,- ասել է նա։

Իգիթյանն իր ելույթով արձագանքել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, ով անդրադարձել էր կարի ֆաբրիկայի միջադեպին։

Մարուքյանը նախ հիշեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Պարետատունը հայտարարել էին, որ ապրիլի 20-ից տեքստիլ ոլորտը հնարավոր է վերագործարկել, սակայն Վանաձորում «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողներն ապրիլի 21-ին գնացել են աշխատանքի, իսկ ոստիկանությունն այդ մարդկանց նկատմամբ վարչական իրավախախտման մասին արձանգրություն կազմել և տուգանել:

«Այսինքն՝ ունենք իրավիճակ, որ պետությունը հայտարարում է, որ ամսի 20-ից կարող են աշխատել, մարդիկ գնում են աշխատանքի և իրենց տուգանում են»,- ասել է Մարուքյանը և նշել, որ նրանք այն մարդիկ են, որոնք որևէ ծրագրով սոցիալական աջակցություն չեն ստանում:

Մարուքյանն առաջարկել է վերանայել մոտեցումները և 2600 աշխատակցի կամ թույլ տալ գնալ իրենց աշխատանքին, կամ հասցեական աջակցություն ցույց տալ։ Պատգամավորը նաև կոչ է արել չեղյալ համարել այն արձանգարությունները, ըստ որոնց աշխատակիցները տուգանվել են:

Հայաստանում ապրիլի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1473-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 72-ով: Առողջացածների ընդհանուր թիվը 633 է, մահացել է 24 հոգի։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է, սահմանափակված է քաղաքացիների տեղաշարժը։ Մի շարք ոլորտների գործունեությունը դադարեցված է՝ վարակի տարածումը կախելու նպատակով, որոշ ոլորտներում թույլատրվել է գործունեություն իրականացնել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---