Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի դեմ քրգործ է հարուցվել

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոնի դեմ քրգործ է հարուցվել

PanARMENIAN.Net - «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի դեմ քրգործ է հարուցվել: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից փետրվարի 24-ից մինչև մարտի 13-ը ՀՈԱԿ-ում 2019-ի կանոնադրական գործունեության ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Մասնավորապես, պարզվել է, որ․

• Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով,

• խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները,

• առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում,

• խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն:

Ուսումնասիրության արդյունքում ի հայտ եկած առերեևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին: Արդյունքում ՀՀ քրեական օրենգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի յուրացում, պատժվում է ազատազրկմամբ` 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) հարուցվել է քրեական գործ:

Թափառող կենդանիների կողմից կծվածության դեպքերը ՀՀ-ում, ու, հատկապես, Երևանում վերջին շրջանում աճել են։ 2019-ին գրանցվել է թափառող շների կծելու 6515 դեպք, որից 1781-ը՝ Երևանում: 2020-ին ևս Երևանի մի շարք վարչական շրջանների բնակիչներ ահազանգում էին թափառող շների հարձակումների մասին:

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը ստեղծվել է 2019-ի փետրվարին Երևանի քաղաքապետի որոշմամբ։ 2019-ին նախատեսվում էր թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` մոտ75 տոկոսը: Հայտարարվել էր, որ աշխատանքներ կտարվեն թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, ստերջացման, համարակալման և պահպանման նպատակով, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---