ՀՀ նախագահ․ Չենք կարող մոռանալ Ցեղասպանությունը, հաշտվել հետևանքների հետ

ՀՀ նախագահ․ Չենք կարող մոռանալ Ցեղասպանությունը, հաշտվել հետևանքների հետ

PanARMENIAN.Net - Ավելի քան մեկ դար է անցել Հայոց ցեղասպանությունից, հայ ժողովրդի հայրենազրկումից և ունեզրկումից, սակայն համայն հայ ժողովուրդը դեռևս սպասում է ճշմարտության հաղթանակին և արդարության հաստատման: Այդ մասին իր ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հավելելով` «չենք կարող մոռանալ Ցեղասպանությունը, չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ»։

«Այս տարի Հայոց Ցեղասպանության զոհերի տարելիցն անցնում է համավարակի պարտադրած արարողակարգով: Սակայն․․․ մենք հիշում ենք մեր զոհերին մշտապես ու ամենուր՝ աշխարհում ուր էլ որ լինենք, աղոթում ենք նրանց համար մեր հոգում և մտքում՝ անուն առ անուն»,-ասվում է ուղերձում:

Նախագահը նշել է, որ 1.5 մլն մարդկային կյանքերի կորուստն էապես ազդել է հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին:

Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, մի քանի բաղադրիչ ունի՝ hիշողության պարտք, նման ոճրի կրկնության բացառում և դատապարտում, Ցեղասպանության հետևանքների վերացում:

Ուղերձում ասվում է, որ Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումն անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար:

«Ցեղասպանությունը նաև հայ ժողովրդի գոյատևման ու մաքառումի պատմություն է․․․ Մենք մաքառել ենք, տոկացել ու հերոսացել։ Մենք կարողացանք հաղթել մահին, մենք վերապրեցինք և վերածնվեցինք: Այսօրվա անկախ Հայաստանի գոյությունն, ազատ Արցախն, ինչպես նաև կազմակերպված ու հաջողակ Սփյուռքը դրա ապացույցն են և նոր հնարավորություն մեզ համար:

Հնարավորություն՝ համախմբվելու որպես ազգ և ժողովուրդ, մեկտեղելու մեր ջանքերն ու կարողությունները և հասնելու մեր ազգային իղձերի իրականացմանը: Ես հավատում եմ դրան: Հիշում եմ և պահանջում»,- ասվում է ուղերձում։

Ապրիլի 24-ին համայն հայությունը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ինչպես նաև առաջադեմ մարդկությունը, ոգեկոչում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, իսկ ապրիլի 24-ի ավանդական երթին դեպի Ծիծռենակաբերդի բարձունք կփոխարինի «վիրտուալ երթը»՝ անուն-ազգանունով հաղորդագրությունները կարտացոլվեն Ծիծեռնակաբերդի պատերին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---