Utaxi-ի տնօրեն․ Վարորդների 80%-ը կհրաժարվի օնլայնի համար լիցենզիա գնել, ծառայությունը կթանկանա

Utaxi-ի տնօրեն․ Վարորդների 80%-ը կհրաժարվի օնլայնի համար լիցենզիա գնել, ծառայությունը կթանկանա

PanARMENIAN.Net - Եթե ընդունվի օնլայն տաքսիների վերաբերյալտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր օրինագիծը, ապա ՀՀ-ն կվերադառնա այն ժամանակներ, երբ գոյություն չունեին օնլայն տաքսի ծառայություններ և յուրաքանչյուրն ինքն էր իր համար սահմանում գին և սպասարկման որակ, PanARMENIAN.Net ին ասաց Utaxi-ի ֆինանսական տնօրեն Արևշատ Ղիասյանը։

ՏԿԵ օրինագծի համաձայն՝ վարորդը կամ կազմակերպությունը կարող է գործակցել օնլայն տաքսիի հետ, եթե ունի համապատասխան լիցենզիա։ Դրա արժեքը 100,000 դրամ է։ Ըստ օրինագծի՝ օնլայն տաքսին իրավունք չի ունենա չլիցենզավորված որևէ վարորդի կամ կազմակերպության հետ գործունեություն ծավալել, հակառակ դեպքում վարչական պատասխանատվության կենթարկվի։

Ղիասյանի խոսքով՝ օնլայն տաքսիների հետ գործակցող վարորդների 80-90%-ն անհատ են, այսինքն օրինագիծը ենթադրում է, որ շուկայի հենց այդ 80-90%-ը քանդվում է:

«Այս պահին օնլայն տաքսիների հետ գործակցող վարորդների 80%-ն անհատ են, որոնց որակի վերահսկողությունն ապահովում է մասնավոր սեկտորը: Նախագծով, որքան հասկացանք, առաջարկվում է սահմանափակել տաքսիների վերահսկողությունը և պարզապես հարկային մուտքեր չկատարել պետբյուջե»,- ասաց նա:

Ղիասյանը նշում է՝ այժմ օնլայն տաքսիներն իրենք են վերահսկում ծառայությունների որակը, նման օրինագծի ընդունման դեպքում անվճար տրվող լիցենզիաների որակի վերահսկողության մասով ևս խնդիրներ կառաջանան:

«Անվճար տրվող լիցենզիաների դեպքում՝ անհատ վարորդների մեծ մասը չեն գնա վճարովի լիցենզիա ստանալու, արդյունքում կգործեն որպես անհատներ՝ իրենք իրենց համար գին և սպասարկման որակ սահմանելով: Միայն 15-20%-ը կորոշի ԱՁ կամ ՍՊԸ բացել: Օնլայն-տաքսիների գինը միանշանակ կբարձրանա, իսկ վարորդների թիվը կտրուկ կնվազի»,- ասում է Ղիասյանը։

Սեփական տաքսին վարելու համար, ըստ օրինագծի՝ քաղաքացին կարող է նաև անվճար լիցենզիա ստանալ: Միայն թե այդ դեպքում իրավունք չի ունենա գործելու միջնորդավորված՝ չի կարողանա գործակցել օնլայն տաքսիների կամ միջնորդ ընկերությունների հետ:

Ղիասյանի խոսքով՝ նախագիծը դժվարություն է առաջացնելու նաև օնլայն-տաքսի ծառայությունների հետ աշխատող վարորդների համար, որոնց մեծ մասն էլ կբախվի բազմաթիվ խնդիրների, ինչպես, օրինակ՝ հաշվապահությունն իրականացնելու հարցը:

«Մենք կողմ ենք ոլորտի իրավական կարգավորմանը, սակայն չենք ընդունում այն մոտեցումները, որոնք կիրառվում են դրա համար, առավել ևս, որ առաջարկվել էին կարգավորման առավել արդյունավետ մոտեցումներ»,- ասում է Ղիասյանը։

Ընթերցեք նաև․ Մեծ փոփոխություններ՝ օնլայն տաքսիների տիրույթում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---