Թաթոյան․ ՄԻՊ-ը ոչ թե պետությանն է քաղքացուց պաշտպանում, այլ՝ հակառակը

Թաթոյան․ ՄԻՊ-ը ոչ թե պետությանն է քաղքացուց պաշտպանում, այլ՝ հակառակը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում անհրաժեշտ է մանրամասն պարզաբանել միջազգային այն կանոնը, որ Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե պաշտպանում է պետությանը քաղաքացուց, այլ՝ քաղաքացուն պետությունից, հայտարարել է Օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում 2019-ի գործունեության զեկույցի ամփոփիչ քննարկմանը։

Թաթոյանը պատգամավորների ելույթները 3 մասի է բաժանել` քաղաքական ելույթներ, քաղաքական ելույթներ, որոցում անդրադարձ կար մարդու իրավունքներին, և ելույթներ, որոնք վերաբերում էին մարդու իրավունքների կոնկրետ խնդիրներին:

ՄԻՊ-ը հայտնել է, որ չի անդրադառնալու քաղաքական ելույթներին և, չնայած խորհրդարանում քննարկվել է իր ղեկավարած կառույցի զեկույցը, պատգամավորների ելույթները մեծ մասամբ կամ ատելության խոսքի մասին էին, կամ զեկույցին չէին առնչվում։

«Միջազգային իմիջի տեսանկյունից էլ ցանկալի չէր այդքան շատ քննարկում նվիրել ատելության խոսքին, որովհետև ՄԻՊ-ի զեկույցի քննարկումը, այն էլ՝ տարին մեկ անգամ ու մի ամբողջ օր նվիրել այդ հարցին։ Կարծում եմ` կարելի էր անդրադառնալ այլ խնդիրների ևս, առավել ևս, որ դրանք շարադրված են 1200-ից ավելի էջերում»,- ասել է Թաթոյանը:

Նրա խոսքով՝ իր զեկույցներն օբյեկտիվ են և դրանցում կա դրական դինամիկա, սակայն կարելի էր անդրադառնալ նաև այնպիսի հարցերի, թե ինչու են մարդիկ «ամիսներով մոռացվում հոգեբուժարաններում, ինչու երկրում չունենք հոգեբույժների բավարար քանակ» և այլն։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նշել էր, որ ՄԻՊ զեկույցում առկա ձևակերպումը, թե «կինն ինքնուրույն, իրավատեր և արժանապատիվ մարդ է», անընդունելի է, այն արդիական կլիներ 20-րդ դարի 20-30-ական թվականներին։ Պատգամավորը հորդորել էր կանանց իրավունքներին անդրադառնալ առավել համապարփակ։ Թաթոյանն արձագանքել էր այս դիտարկմանը և Հակոբյանին զգուշացրել՝ ձայնը չբարձրացնել մարդու իրավունքների պաշտպանի վրա և չխոսել իր հետ «իշխանական դիրքերից», «չսպառնալ ՄԻՊ-ին»։ Նա նշել էր, որ կանանց իրավունքներին իր զեկույցում հսկայական բաժին է նվիրված, իսկ պատգամավորը չգիտի, որ ՄԻՊ-ը կանոնադրությամբ չի աշխատում։

Թաթոյանի ելույթին արձագանքել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը` նկատելով, որ իր համար անընդունելի է ՄԻՊ-ի անհանդուրժող վերաբերմունքը պատգամավորներից մեկի ելույթի առնչությամբ: Միրզոյանի կարծիքով` ՄԻՊ-ն ավելի հարգալից պետք է լինի պատգամավորների հանդեպ, և առհասարակ` բոլորը բոլորի հանդեպ պետք է հարգալից լինեն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---