17 հունվարի 2009 - 16:48 AMT
Ալի Բաբաջան. Թուրքիան ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել հարաբերությունների վերջնական կարգավորմանը
Ընթացիկ տարին կարող է դառնալ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման տարի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: Նրա խոսքերով, Թուրքիան ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել հարաբերությունների վերջնական կարգավորմանը: «Սա երազանք չէ, միանգամայն իրական է, որ 2009 թվականին կարող են կարգավորվել հարաբերություները Ադրբեջանի ու Հայաստանի, ինչպես նաեւ Թուրքիայի ու Հայաստանի միջեւ»,-ասել է Բաբաջանը, գրում է թուրքական «Hurriet Daily News-ը:

Միեւնույն ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը զգուշացրել է ԱՄՆ-ի նոր վարչակազմին, որ այն զերծ մնա Հայոց ցեղասպանության ճանաչումից: «Ռացիոնալ չի լինի հաշվի առնել երրորդ երկրի դիրքորոշումն այս հարցում: ԱՄՆ-ի սխալ քայլը կարող է վնասել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին»,-ասել է Բաբաջանը` հավելելով, որ Թուրքիան միշտ կողմ է եղել իր արեւելյան հարեւանի հետ հարաբերությունների կարգավորմանը:

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Բարաք Օբաման նախընտրական արշավի ժամանակ, ինչպես նաեւ լինելով սենատոր, որպես Ցեղասպանություն է որակել 1915 թվականի իրադարձությունները:

Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերություններ չկան: 1993 թվականին Թուրքիան փակել է սահմանը Հայաստանի հետ ղարաբաղյան հակամարտության կապակցությամբ, որտեղ նա հանդես է գալիս Ադրբեջանի կողմից:

2008թ. սեպտեմբերի 6-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների խաղը դիտելու նպատակով Երեւան ժամանեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: