ՀՀ ԱԳՆ ղեկավար. Թուրքիան, կարգավորելով Հայաստանի հետ հարաբերությունները, նրան լավություն չի անում

PanARMENIAN.Net - Այն բանից հետո, երբ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը եւ դրական պատասխան տա առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Երեւանի առաջարկին, Հայաստանը կհամաձայնի միջպետական հանձնաժողով ստեղծել ցանկացած հարցեր դիտարկելու համար: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Երեւանը մտադրված չէ որեւէ զոհերի գնալ հանուն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման: Թուրքիան մեզ դրանով լավություն չի անում: Հարաբերությունների կարգավորման մեջ շահագրգռված է ոչ միայն Հայաստանը, այլեւ ինքը` Թուրքիան»,- ընդգծել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով, Հայաստանը սփյուռքից երբեք չի խնդրել եւ չի էլ խնդրի դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: «Մենք հասկանում ենք, որ անհրաժեշտ է թերթել անցյալի սեւ էջը, բայց ոչ` մոռանալ անցյալի դասերը: Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել եւ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը»,- հայտնել է Էդվարդ Նալբանդյանը:



Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաեւ ընդգծել է, որ ինքը համաձայն է իր թուրք գործընկեր Ալի Բաբաջանի հետ, որը հայտարարել էր, թե Երեւանն ու Անկարան շատ մոտ են խնդիրների լուծմանն ու հարաբերությունների կարգավորմանը: «Այո, մենք շատ մոտ ենք խնդիրների լուծմանը, բայց այդ խնդիրները կլուծվեն այն դեպքում, եթե Թուրքիան պատրաստակամություն ցուցաբերի եւ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատի առանց նախապայմանների, եթե կատարի մի քայլ, որին սպասում են ոչ միայն Հայաստանում եւ Թուրքիայում, այլեւ ամբողջ աշխարհում»,- հայտնել է Էդվարդ Նալբանդյանը:



Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նաեւ հաղորդել է, որ Հայաստանը կմասնակցի Կովկասյան պլատֆորմի վերաբերյալ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի վերջին Անկարայում: «Այդ հանդիպումը կանցկացվի մասնակից երկրների ԱԳ փոխնախարարների մակարդակով եւ այդ հանդիպմանը հայկական պատվիրակությունը կգլխավորի երկրի ԱԳՆ գլխավոր քարտուղարը»,- ամփոփել է Նալբանդյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---