Փաշինյան․ Կանոնները խախտելը մեր հավաքական վերաբերմունքն է պետական կարգին

Փաշինյան․ Կանոնները խախտելը մեր հավաքական վերաբերմունքն է պետական կարգին

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի ընթացքում հակահամաճարակային կաոններին չհետևելը ՀՀ քաղաքացիների հավաքական վերաբերմունքն է պետական կարգի նկատմամբ, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք 500 տարուց ավելի պետականություն չենք ունեցել, և պետական կարգը մեզ համար միշտ եղել է օտար։ Մենք պետական կարգ չենք ունեցել դարեր շարունակ, որը մեզ հարազատ կհամարենք։ Մեզ համար մեր պետությունը և պետական կարգը հարյուրամյակներով եղել է ինչ-որ օտարածին և օտարի կողմից պարտադրված ինչ-որ բան»,-ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ պետական կարգը նաև ասոցացվել է բռնության հետ։

Վարչապետի խոսքով՝ պետական կարգը ոչ թե ազատության գործիք է եղել, այլ ազատությունից զրկելու, և այն հիմա էլ է այդպես ընկալվում։ Ըստ նրա՝ մարդիկ հակառակվում են այն պետական կարգին, որի նպատակը պաշտպանելն է, այն ընկալվում է որպես ազատությունից զրկելու գործիք։

«Սա շրջադարձային պահ է մեր պետության համար, որովհետև մենք մեր երկարատև պատմության ընթացքում, նույնիսկ, երբ ունեցել ենք անկախ պետություն, մենք մեր սեփական կամքով կարգ չենք ստեղծել, դրա ստեղծումը միշտ հակոտնյա է եղել մեր կամքին։ Հիմա մենք մեր կամքով պետք է ստեղծենք կարգ, ինչը նշանակում է, որ մենք մեր միջից կջնջենք պետականազրկության վերջին ինֆորմացիան»,-ասել է նա։

Փաշինյանը հորդորել է քաղաքացիներին հետևել հակահամաճարակային կանոններին և ստեղծել մի միջավայր, որտեղ կարգը չպահպանելը կլինի անընդունելի։

ՀՀ-ում հունիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի ռեկորդային` նոր 723 դեպք է գրանցվել։ Այսպիսով երկրում 16,004 հաստատված դեպք կա։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---