Ոստիկանությունը լրագրողների հանդեպ բռնության է դիմել․ Միջադեպը կուսումնասիրվի

Ոստիկանությունը լրագրողների հանդեպ բռնության է դիմել․ Միջադեպը կուսումնասիրվի

PanARMENIAN.Net - Ոստիկանապետի հանձնարարությամբ կուսումնասիրվի Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ կատարված միջադեպը, որի ընթացքում հրել ու քաշքշել են լրագրողներին։

Հունիսի 16-ի երեկոյան ԱԱԾ շենքի առջև Գագիկ Ծառուկյանի համակիրների, մի խումբ լրագրողների ոստիկանները հորդորել էին հեռանալ տարածքից։ Ավելի ուշ քաշքշուկ էր եղել, լրագրողների հանդեպ ևս ուժ էր կիրառվել՝ նրանց հրելով ու քաշքշելով հեռացրել էին Ծառուկյանի մեքենայի մոտից։ Տեղում ոստիկանության ներկայացուցիչները հերքել էին, լրագրողների հանդեպ ուժ կիրառելու փաստը։ Մի շարք լրագրողներ պնդել էին հակառակը։

Ոստիկանությունից հայտնում են, որ միջադեպը կուսումնասիրվի, քանի որ ԱԱԾ շենքի մոտ իրադարձությունները լուսաբանող լրագրողները դժգոհել են ոստիկանության գործողություններից։

«Ոստիկանությունը միշտ էլ հասարակական կարգի ապահովման նկատառումներով հրատապ գործողություններ է իրականացնում զանգվածային միջոցառումների տարածքում: Դրանց մասին պատասխանատուները զգուշացնում են միջոցառման մասնակիցներին, իսկ լրագրողներին հորդորում այնպիսի դիրք գրավել, որ չխանգարեն ոստիկանության ու սեփական աշխատանքին»,-ասված է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---