Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է մոտ 5 մլրդ դրամի հարկ չվճարելը կազմակերպելու գործով

Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է մոտ 5 մլրդ  դրամի հարկ չվճարելը կազմակերպելու գործով

PanARMENIAN.Net - Գործարար Սամվել Մայրապետյանի մեղադրանքը լրացվել է։ Հունիսի 25-ին նա որպես մեղադրյալ է ներգրավվել նաև 5,678,764,260 դրամի հարկեր չվճարելու գործընթացը կազմակերպելու համար՝ ՔՕ 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ)։

Ըստ մեղադրանքի՝ Մայրապետյանին փաստացի պատկանող «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել կապալառու ընկերության հետ, որի կողմից իրականացված շինաշխատանքների արդյունքում Երևանի Տերյան 66 հասցեում 2006-ին կառուցվել է 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։

Մայրապետյանը, նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող հարկերը, 2006-ին կազմակերպել է նշված բնակելի շենքի 141 միավոր անշարժ գույքերը «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Մասնավորապես՝ ֆիզիկական անձանց հետ կնքված առուվաճառքի պայմանագրերում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է մոտ 66,000 դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ մոտ 75,000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ մոտ 61,000 ՀՀ դրամ, մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770,000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160,000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875,000 դրամ։

Այնուհետև «Գլոբուս» ՍՊ ընկերության կողմից 2006-ի երկրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ակնկալվող 3,072,651,630 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 228,696,200 ՀՀ դրամ ԱԱՀ գումար:Բացի այդ, նշված գործարքների իրական արժեքներն ամբողջությամբ չեն ներառվել 2006-ի շահութահարկի հաշվարկում. ակնկալվող 2,846,243,830 ՀՀ դրամի փոխարեն ներկայացվել է ընդամենը 11,435,000 ՀՀ դրամի չափով շահութահարկի գումար:

Այսպիսով՝ Սամվել Մայրապետյանի կազմակերպած հանցավոր գործունեության հետևանքով պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 5,678,764,260 դրամի հարկ, իսկ հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով հաշվարկված տույժերը 2020-ի հունիսի 25-ի դրությամբ կազմել են 3,109123,432 դրամ։

Սամվել Մայրապետյանը հիշյալ քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված այն արարքների կատարման համար, որ նա օժանդակել է ՀՀ նախկին ղեկավար պաշտոնատար անձանց՝ նախնական համաձայնությամբ ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք, ինչպես նաև օժանդակել է Արմեն Գևորգյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի կաշառքի գումարն օրինականացնելուն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---