Կյանքը՝ պաուզայի վրա. Չհագած զգեստների, չարված փարթիների, չեղած «պաչիկով բարևների» մասին

Կյանքը՝ պաուզայի վրա. Չհագած զգեստների, չարված փարթիների, չեղած «պաչիկով բարևների» մասին

PanARMENIAN.Net - Զգեստապահարանում միայնակ ու տխուր կախված են դեռևս մարտի սկզբին գնված գեղեցիկ զգեստները՝ թե՛ գարնան, թե՛ ամռան համար… պիտակներով: Ինչպես կատակում են ֆեյսբուքցիները` կոշիկներս կարծում են, թե մահացել եմ: Բայց կատակելն էլ այլևս չի փրկում: Սենյակի պատերն ամեն օր կարծես ավելի են նեղանում՝ զրկելով օդից, ազատությունից, իսկ ժամանակին այդքան խնամքով ընտրված պաստառները վաղուց ատելի են դարձել: Սիրելի համակարգիչը, ամենահարմար բազկաթոռը, ամենափափուկ գիշերազգեստը, տան հողաթափերը՝ այս բոլորը, որ լուռ վկան են դարձել արդեն մի քանի ամիս տևող պարտադրված ու ժամանակին այդքան երանելի տնային «կոմֆորտի», իսկ իրականում՝ տնային կալանքի, հեռակա աշխատանքի ու այս անվերջ մեկուսացման, այժմ միայն նողկանք են առաջացնում:

Ականջներումս մինչև այսօր լսվում է մարտի 9-ին գնացածս վերջին անհոգ, անդիմակ, անդարդ և ուրախ երեկույթին հնչած երաժշտությունը. այդ ժամանակ, երբ հերթական կիսածանոթ կամ վաղուց մոռացված որևէ ծանոթ ջերմորեն բարևում և գրկախառնվում էր հետս, չէի էլ մտածում, որ կգա ժամանակ, երբ կկարոտեմ գրկախառնվելն ու հայ ավանադական «պաչիկով բարևը»: Այդ ժամանակ նաև ինձ ինտրովերտ էի համարում, երազում էի աշխատանքի, ընկերների, անթիվ-անհամար սրճարաններ ու փաբեր այցելությունների, երեկույթների ու հավաքների ընթացքում գտնել այն 1 ժամ ազատ ժամանակն ուղղակի տանը գրքով հանգիստ նստելու կամ ֆիլմ դիտելու համար: Իսկ հետո ինչ-որ մեկը, կարծես, վերցրեց իմ (մեր) կյանքի «պուլտն» ու սեղմեց պաուզայի կոճակը՝ անորոշ ժամանակով դադարի վրա դնելով կյանքի բնականոն ընթացքը:

Սկզբում հավես էր, նորություն՝ «դե ոչինչ, մի քիչ էլ տնից կաշխատենք, մենակ օնլայն կշփվենք, կհանգստանանք, ինքնակրթությամբ կզբաղվենք (հա, բա ո՜նց, հիմա), մենք հայ ենք, կորոնան ստեղ երկար չի մնա, մեր հումորով, սխտորով ու բաստուրմայի անմահական հոտով կքշենք»: Չքշեցինք:

Անցավ այդ մեկ ամիսը, անցավ նաև երկրորդը, հետո՝ երրորդը, ոչինչ չի փոխվում, համենայն դեպս՝ դեպի լավը: Եվ հիմա արդեն ամենաշատը ոչ թե վտանգն է վախեցնում, այլ՝ անորոշությունը, երբ չկա դեդլայն, չկա հստակ ժամկետ, չգիտես՝ ինչքան ժամանակով ծրագրել համբերությունդ, դնել քեզ «քնած» ռեժիմի վրա, երբ կլինի այդ պիկը, որին կհետևի պլատոն ու կգա այդքան սպասված անկումը, որպեսզի վարակվածների ամենօրյա թվերը ոչ թե վախ, այլ իսկական «զգուշավոր լավատեսություն» ներշնչեն:

Հունիսի 1-ին Վրաստանում բացեցին սրճարաններն ու բարերը. հայտնի «Ֆաբրիկայում» և Թբիլիսիի այլ ժամանցավայրերում հարյուրավոր երիտասարդներ ծափահարություններով ողջունեցին սահմանափակումների թուլացումը:

Հաջորդ օրը նույնը տեղի ունեցավ նաև Ֆրանսիայում՝ մէ խինդ, մէ ուրախություն, գինովցած երիտասարդները փողոցներում տոնում են «ազատությունը»: Հուլիսի 4-ին Անգլիան բացեց փաբերը, այն փաբերը, որոնք գործել են նույնիսկ Առաջին և Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, այն փաբերը, որոնք Բիգ Բենի և կարմիր ավտոբուսների հետ հավասար երկրի ամենահայտնի այցեքարտերից են և փակվել էին պատմության մեջ թերևս առաջին անգամ. հենց առաջին գիշերվանից փողոցներում լիքն էին բոլոր տարիքի ̶փ̶ա̶բ̶ա̶հ̶ա̶յ̶ե̶ր̶ը̶ բրիտանացիները՝ կյանքը վերադառնում է:

Իսկ մե՞զ մոտ: Մեզ մոտ սրճարաններն ու որոշ փաբեր գործում են վաղուց, բայց ամեն ինչ այն չէ՝ չկա նախկին անցուդարձը, ջերմությունն ու անմիջականությունը, փոխարենն ավելացել է զգուշավորությունը, ծանոթին տեսնելուն պես «բա հիմա ո՞նց բարևեմ, հեռո՞ւ կանգնեմ, մո՞տ գամ, բա որ վախենա, բա որ նեղանա» մտքերը, դիմակը, ալկոգելը, ջերմաչափը, հեռավորությունը, մշտական վախը. էլ ի՞նչ հանգիստ է դա, ավելի շատ հոգնել կարելի է...

Գիտեմ, որ խոսքերս շատերի համար չափազանցություն կթվան, քանի որ ոմանք մինչև համավարակն էլ առանձնապես ակտիվ չէին, և նրանց կյանքում շատ բան չի փոխվել, իսկ որոշներն այժմ թքած ունեն և ապրում են այնպես, կարծես ոչինչ էլ տեղի չի ունենում՝ չեն կրում դիմակ, այցելում են սրճարաններ, անում են հարսանիքներ, չեն պահում հեռավորություն, մի խոսքով՝ անմահ են և նույնիսկ վատառողջ բարեկամներ չունեն, ազգուտակով սպարտացիներ են: Եվ հավանաբար հենց այդ «համարձակ ու ազատատենչ» քաղաքացիների պատճառով է, որ արդեն 3 ամիս է՝ իմ նման շատ ու շատերի կյանքը կանգ է առել, և ամեն օր կրկնվում է «արջամկան օրը»: Հիմա դեռ պարզ չէ՝ երբ կավարտվի այս ամենը, և արդյո՞ք կավարտվի, որքան կտևի, ով և ինչ կկորցնի ավարտին, քանի-քանի բիզնես կփակվի, քանի երիտասարդ կզրկվի ունեցվածքից, քանիսը կարտագաղթի՝ հիասթափված ու հուսալքված, քանի մարդ կմահանա… Եվ անկախ այս տեքստի ամբողջ հոռետեսական տրամադրությունից, հույսս չեմ կորցնում, որ մի օր էլ մեզ մոտ սրճարանների ու բարերի մոտ կհնչեն ծափահարություններ, մենք էլ կզգանք վերգտած ազատության «համը», չենք լսի վարչապետին ու կշարունակենք «պաչիկով բարևելու» հին ու բարի ավանդույթը՝ առանց վախենալու, իսկ փոքր-ինչ գինովցած փաբահայերը կլցնեն քաղաքի փողոցները: Բայց դրան հասնելու համար պետք է մի քիչ էլ նեղություն քաշել ու ապրել «քնած» ռեժիմի վրա:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ
Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել
Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ։