ՇՄՆ․ Գեղարքունիքի 3 համայնքում կենսաբանական մաքրման կայան կհիմնվի

ՇՄՆ․ Գեղարքունիքի 3 համայնքում կենսաբանական մաքրման կայան կհիմնվի

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունը Սևանա լիճ թափվող կեղտաջրերի հետ կապված միջոցառումների շրջանակում նախատեսել է 3 խոշոր աղտոտող համայնքի՝ Գավառի, Մարտունու և Սևանի համար հիմնել կենսաբանական մաքրման կայան, գույքագրվել են նաև լճին հարակից ապամոնտաժման ենթակա շինությունները: Այս մասին հայտնել են նախարարությունից, փոխանցում է CivilNet-ը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի» փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը և Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանը ներկայացրել են Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռության վերականգնման և պահպանության համար նախարարության կողմից իրականացվող ռազմավարական ծրագրերը։

Բանախոսները հայտնել են, որ լճի ափամերձ տարածքների մաքրում է նախատեսվում, նաև լճի շուրջ շենքերի և շինությունների ապամոնտաժում։

Այս նպատակով` ՇՄՆ-ն գույքագրել է 1901,5 մետրի նիշից ներքև ընկած շինությունները, որոնք պետք է ապամոնտաժվեն։

Համայնքապատկան շենք–շինությունները կապամոնտաժվեն պետական միջոցներով։ Մասնավոր շենք–շինությունների սեփականատերերին արդեն իսկ ուղարկվել են համապատասխան ծանուցումներ՝ իրենց պատկանող շինությունները սեփական միջոցներով ապամոնտաժելու համար։

Խոսելով տնտեսվարողների մասին՝ Գրիգորյանը նշել է, որ այս պահին տեղադրված է լոկալ մաքրման 17 կայան առավել խոշոր տնտեսվարողների մոտ։

Գրիգորյանի խոսքով՝ նախարարությունը դեռ 2019-ին մշակել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, մշակման ձևերի և չափսերի կարգը։

Կարևորելով Սևանաի առողջացումը՝ նախարարությունը մշակել է նաև լճում հատուկ էնդեմիկ ձկնատեսակների լիճ բաց թողնումը։

Հունիսի 21-ին շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացրել էր, որ նկատվել է կապտականաչ ջրիմուռների ակտիվություն ինչպես մեծ, այնպես էլ փոքր Սևանի հատվածներում։ ՇՄ փոխնախարար Իրինա Ղափլանյանը հայտնել էր՝ երբ արձանագրվում է կապտականաչ ջրիմուռների աճ, լճի ճահճացման փուլ է մտնում, որը վտանգավոր է, քանի որ կա անվերադարձի նիշ։ Նա նշել էր, որ անհրաժեշտ է կանխել օրգանական հատվածի ներհոսքը դեպի լիճ, հակառակ դեպքում ՀՀ-ն կարող է փաստացի կորցնել այն։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---