EAFJD. Պոպուլիստական քարոզարշավները բավարար չեն, որպեսզի Հայոց ցեղասպանության պես հանցագործությունը ներում ստանա

PanARMENIAN.Net - Եվրոպայի Հայկական Ֆեդերացիան (EAFJD) ուշադիր հետեւում է Թուրքիայի Հայոց ցեղասպանության հարցի քննարկումներին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են EAFJD մամլո ծառայությունում, Թուրքիայում տարածվում է այն կարծիքը, որ, ստանալով թուրք հասարակության որոշակի շրջանակների աջակցությունը, հայ ժողովուրդը պետք է լուծի Հայոց ցեղասպանության հետ կապված հարցերը` խնդիրներ չստեղծելով Անկարայի համար: «Ողջունելով Թուրքիայի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության դեմ հանդես եկած թուրք մտավորականության ներկայացուցիչների դիրքորոշումը` մենք պետք է ճշտենք, որ պոպուլիստական քարոզարշավները բավարար չեն, որպեսզի Հայոց ցեղասպանության պես հանցագործությունը ներում ստանա»,- ասվում է EAFJD հայտարարության մեջ: Դրա համաձայն, «Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագրում չկա «ցեղասպանություն» տերմինը եւ, համապատասխանաբար, դրանում չի հաստատվում Օսմանյան կայսրությունում մեկուկես միլիոն հայերի ոչնչացման փաստը, ինչպես այդ մասին հայտարարում էր քարոզարշավի համահեղինակներից մեկը` Բասքին Օրանը:



«Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը հանդիսանում է Օսմանյան կայսրության ժառանգորդը եւ նրա ցեղասպանական անցյալի կրողը: Ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ժխտման իր քաղաքականությունը տարածելու փոխարեն Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ կատարի ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխման եւ պատժի մասին Կոնվենցիայի պարտականությունները»,- նշվում է EAFJD հայտարարության մեջ եւ ընդգծվում, որ թուրք հասարակությունը պետք է հաշտվի այն իրողության հետ, որ 1915-1923թթ. Թուրքիայում իրագործվել է Հայոց ցեղասպանությունը:



«Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության շարունակումը հանցագործություն է մարդկության դեմ, դա մի հարց է, որը քաղաքական լուծման կարիք ունի»,- ասվում է EAFJD հայտարարության մեջ:



«Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագիրը Ինտերնետում տեղակայվել է դեկտեմբերի 15-ին: Ներկա պահին հանրագրի տակ իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան 28 հազար հոգի: Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---