3 փետրվարի 2009 - 14:23 AMT
Դենիս Փափազյան. «Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ «թուրքերից ներողություն խնդրելու» քարոզարշավի հետ
Ամերիկացի գիտնական Դենիս Փափազյանը հայտարարել է, որ չի հանդիսանում «թուրք ժողովրդից ներողություն խնդրելու» քարոզարշավի նախաձեռնողը կամ մասնակիցը: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդել է ինքը` Դենիս Փափազյանը, որոշ ժամանակ առաջ նա ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ ժամանակին շատ ազգերի ներկայացուցիչներ տուժեցին օսմանական իշխանությունների գործողությունների պատճառով: «Ես նաեւ ցավում եմ, եթե իմ կողմից կամ իմ անունից արված հայտարարությունները վիրավորել են թուրքերից որեւէ մեկին, ինչի մասին էլ ես հայտարարել եմ: Միայն այդքանը»,- ասել է Փափազյանը` ավելացնելով, որ նա ինքն իրեն խոստացել է աշխատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

«Ես չեմ կարող ներողություն խնդրել մի բանի համար, որը չեմ արել, եւ գտնում եմ, որ Արմեն Գակավյանի սկսած քարոզարշավը նպատակային չէ եւ սխալական է»,- հայտնել է ամերիկացի գիտնականը: Փափազյանի խոսքով, նա այդ քարոզարշավի նախաձեռնողը չէ: «Ես ոչ մի ընդհանուր բան չունեմ այդ նախաձեռնության հետ եւ ուզում եմ որքան հնարավոր է հեռու մնալ դրանից»,- ընդգծել է Փափազյանը` ավելացնելով, որ մերժել է այդ քարոզարշավին միանակու առաջարկին: Ամերիկացի գիտնականը նաեւ նշել է, որ ինքը կարող է խոսել միայն իր անունից եւ չի ցանկանում որեւէ քարոզարշավի մասնակից լինել, որը սկսել են այնպիսի մարդիկ, որոնք փորձում են խոսել ողջ հայ ժողովրդի անունից: «Ոչ ոք իրավունք չունի խոսելու բոլոր հայերի անունից»,- ամփոփել է Դենիս Փափազյանը:

Նախօրեին թուրքական Radikal թերթը հաղորդեց, որ Սիդնեյի համալսարանի պրոֆեսոր Արմեն Գակավյանը հանդես է եկել թուրք ժողովրդից ներողություն խնդրելու նախաձեռնությամբ, որին իբր աջակցել է ամերիկացի գիտնական Դենիս Փափազյանը: