Խաչատուրովին դատարանը չի թույլատրել 2 օրով մեկնել ՀՀ-ից

Խաչատուրովին դատարանը չի թույլատրել 2 օրով մեկնել ՀՀ-ից

PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլ չի տվել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին 2 օրով բացակայել ՀՀ-ից։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Պաշտպան Միհրան Պողոսյանը միջնորդել է, որ Խաչատուրովին թույլ տան հատել ՀՀ սահմանը։ Փաստաբանն ասել է, որ Խաչատուրովը ծնվել է Վրաստանում՝ Թեթրի Ծղարոյում, նրա ծնողներն ու եղբայրը հուղարկավորված են այնտեղ, և 2018-ի նոյեմբերից նա այնտեղ չի եղել, գրում է Aysor.am-ը։

Դատավոր Դանիբեկյանն ասել է, որ կորոնավիրուսի պայմաններում ՀՀ վերադարձող յուրաքանչյուր քաղաքացի պետք է 14 օր մեկուսանա։

«Յուրաքանչյուր սահմանահատման թույլտվություն տալու դեպքում դատարանը պետք է գնահատի մի կողմից ամբաստանյալի՝ դատարան ներկայանալուն խոչընդոտելու հանգամանքը, մյուս՝ դատարանը պետք է գնահատի այն փաստարկումը, որը դրված է մեկնման անհրաժեշտության հիմքում, մասնավորապես, այն պետք է լինի այնքան ծանրկաշիռ, որ գերակշռի դատարան չներկայանալու ռիսկը: Տվյալ պարագայում, դատարանն ակնհայտ հանգամանքներ է արձանագրում, որոնք կարող են խոչընդոտել Խաչատուրովի՝ դատարան ներկայանալուն», - ասել է Դանիբեկյանը՝ ավելացնելով, որ այս պահին նպատակահարմար չի գտնում թույլատրել լքել ՀՀ սահմանը։

Մարտի 1-ի գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որոնք մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, նաև՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն, ով մեղադրվում է ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---