Տավուշում հրետակոծությունից տուժած տները վերականգնվում են

Տավուշում հրետակոծությունից տուժած տները վերականգնվում են

PanARMENIAN.Net - Տավուշի սահմանամերձ գյուղերում հրետակոծությունից տուժած տների վերականգնումը մեկնարկել է։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Յուրաքանչյուր վնասված տան դիմաց կառուցելու ենք կրկնակին»,- գրել է նա։

Մեկ այլ գրառմամբ մարզպետը տեղեկացրել է, որ սկսվել են վերականգնման աշխատանքները նաև Նոյեմբերյանում, Դովեղում և Բարեկամավանում, որտեղ տներ էին վնասվել ուժեղ փոթորկից։

Հուլիսի 16-ին ստեղծվել է հրետակոծված բնակավայրերի շինությունների գույքագրման հանձնաժողով: Հայտարարվել էր, որ վնասված շինությունները կվերականգնվեն, իսկ եթե հնարավոր չլինի վերականգնել կոնկրետ տունը, ապա նորը կկառուցվի։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ը սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---