ԲՏԱ նախարարի հետ քննարկվել է հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում

ԲՏԱ նախարարի հետ քննարկվել է հայկական ԱԹՍ-ների և ՀՕՊ-ի կիրառումը հուլիսի մարտերում

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գոտի։ Նա ԶՈւ 3-րդ կորպուսի հրամանատարության հետ քննարկել է հուլիսյան մարտերում հայկական արտադրության ԱԹՍ-ների, արդիականացված ՀՕՊ և այլ միջոցների կիրառման արդյունավետությունը, հայտնում են նախարարությունից։

Հուլիսի 12-ից սկսած հայկական բանակի հակաօդային ստորաբաժանումները շարքից հանել են ադրբեջանական կողմի 14 անօդաչու սարք, որոնցից 13-ը՝ Տավուշում, մեկը՝ Արցախում։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի, Գերաշնորհ Տեր Բագրատ Եպիսկոպոս Գալստյանի և վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի հետ քննարկվել են սահմանամերձ գոտիներում մարզային թվային հեռուստատեսությունների և ռադիոյի հեռարձակման, ինչպես նաև բջջային ցանցի և ինտերնետի հասանելիությանը վերաբերող հարցեր։

Նախարարի հանձնարարականով սահմանամերձ գոտում կարվեն ռադիոհաճախականությունների չափագրումներ և ռադիոծածկույթի, բջջային և ինտերնետ ցանցի քարտեզագրման աշխատանքներ։ Բացի այդ, քայլեր կձեռնարկվեն թվային հեռուստատեսային ցանցի բարելավման, սահմանամերձ գյուղերում կապի և օպտիկամանրաթելային ինտերնետի հասանելիության ընդլայնման ուղղություններով։

Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Հայկական կողմը դրանց հետևանքով 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Հուլիսի 17-21-ին սահմանին հարաբերական հանգիստ վիճակ է եղել։ Հուլիսի 21-ին Ադրբեջանը գրոհել է հայկական «Անվախ» դիրքի վրա և ետ շպրտվել։ Հուլիսի 22-ից հարարաբերական կայուն վիճակը վերականգնվել է։ Վերջին օրերին սահմանին հարաբերական անդորր է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---