Գյումերցի կինը 1,200,000 դրամով վաճառել է նորածին աղջկան․ Քրգործ կա

Գյումերցի կինը 1,200,000 դրամով վաճառել է նորածին աղջկան․ Քրգործ կա

PanARMENIAN.Net - Նորածնի վաճառքի նոր դեպք է բացահայտվել, այս անգամ՝ Շիրակի մարզում։ Ոստիկանությունը տվյալներ է ձեռք բերել, թե 2018-ի օգոստոսի 20-ին Գյումրիի բնակչուհին իր նորածին երեխային 1,200,000 դրամի դիմաց վաճառել է երևանցի ամուսիններին։

Պարզվել է, որ 1992-ին ծնված Արմավիրի բնակչուհին փաստացի ամուսնական կապի մեջ է գտնվել Գյումրիի 1989-ին ծնված բնակչի հետ, և վերջինիս ՌԴ-ում գտնվելու ընթացքում՝ 2018թ. օգոստոսի 20-ին, աղջիկ է ունեցել, որից հետո ամուսնուն և սկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնել, թե երեխան մահացել է: Այնինչ երեխային մոր օգնությամբ 1,200,000 դրամի դիմաց վաճառել է Երևանում բնակվող ամուսնական զույգի:

Երեխայի մայրը և Երևանի բնակիչը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին հայտնել են սուտ տեղեկություններ հայրության վերաբերյալ և այդկերպ կարողացել են գրանցել հայրության ճանաչման կեղծ փաստը։

Շիրակի դատախազությունում կայացվել ՔՕ 168-րդ հոդվածի 1-ին մասով (Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ վաճառքը` պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով) և 169.1-րդ հոդվածով (ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելը`պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի) քրեական գործ հարուցելու մասին որոշում:

Միայն 2020-ի հուլիսին ՀՀ-ում նորածնի վաճառքի ևս 3 դեպք է բացահայտվել։ Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջկա էր գնել 1500 դոլարով։

Ավելի վաղ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում 37-ամյա մի տղամարդու հետ պայմանավորվել էր ծննդաբերությունից հետո երեխային գումարի դիմաց հանձնել նրան, կինը ստացել էր 350,000 դրամ, հանձնել նորածնին, ապա փոշմանել և հետ վերցրել երեխային։

Բացի այդ, Արտաշատում կինը փորձել էր 50,000 դրամով վաճառել իր նորածին երեխային։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---