Երևանում 31-ամյա կինը մեղադրվում է իր նորածնին աղբանոցը նետելով սպանելու մեջ

Երևանում 31-ամյա կինը մեղադրվում է իր նորածնին աղբանոցը նետելով սպանելու մեջ

PanARMENIAN.Net - Երևանում 31-ամյա կինը ձերբակալվել է իր նորածնին սպանելու կասկածանքով․ նա երեխային աղբանոցն է նետել։

Հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևանի 31-ամյա բնակչուհի:

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս ավելի վաղ իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է աղջիկ երեխայի և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել է նորածնի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում ՔՕ 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանում։

Միայն 2020-ի հուլիսին ՀՀ-ում նորածնի վաճառքի 4 դեպք է բացահայտվել։ Վերջինով դեռ 2018-ին Գյումրիի բնակչուհին իր նորածին երեխային 1,200,000 դրամի դիմաց վաճառել է երևանցի ամուսիններին։ Կինն ամուսնուն և սկեսրոջը սխալ տեղեկություն է հայտնել, թե երեխան մահացել է:

Բացի այդ, արդեն 2020-ի հուլիսին Կոտայքի մարզում բնակվող մի տղամարդ Արարատի մարզի ծննդատներից մեկից որդեգրելու նպատակով նորածին աղջկա էր գնել 1500 դոլարով։

Ավելի վաղ Արմավիրի 28-ամյա բնակչուհին հղիության ընթացքում 37-ամյա մի տղամարդու հետ պայմանավորվել էր ծննդաբերությունից հետո երեխային գումարի դիմաց հանձնել նրան, կինը ստացել էր 350,000 դրամ, հանձնել նորածնին, ապա փոշմանել և հետ վերցրել երեխային։

Բացի այդ, Արտաշատում կինը փորձել էր 50,000 դրամով վաճառել իր նորածին երեխային։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---