«7-ի գործով» դատապարտված Հակոբյանի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

«7-ի գործով» դատապարտված Հակոբյանի դատավճռի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացվել

PanARMENIAN.Net - Վճռաբեկ բողոք է ներկայացվել «7-ի գործով» դատապարտված Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացված վճռի դեմ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայ ազգային կոնգրեսի իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը։

«7-ի գործով» 2008-ի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի անդամ 7 ակտիվիստ է դատապարտվել։ Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Շանթ Հարությունյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը մեղադրվել են Հայաստանի քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով («Սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու» և «պետական իշխանությունը բռնությամբ զավթելու»):

Իրավաբանը կարևորել է 2008-ի իրադարձությունների հետևանքով «7-ի գործով» դատապարտվածների արագ արդարացման խնդիրը նոր իշխանությունների օրոք։

«Կարևորելով իրավապահ և դատական համակարգում արդարադատության դեմ մեղանչած անձանց պատասխանատվության կանչելու և պատժելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով նաև Գլխավոր դատախազության ընթացիկ գործերով գերծանրաբեռնված լինելը, ինչի պատճառով ձգձգվում է իրավական այս գործընթացը և առաջացնում բանտարկյալների դժգոհությունը, քաղբանտարկյալները ձեռնարկում են հիմնարար իրավունքի խախտման հիմքով արդարացման պահանջով վճռաբեկ բողոքներ ներկայացնելու գործընթաց՝ Գագիկ Ջհանգիրյանի կողմից իր գործով բերված բողոքի հիմքերով ու ընթացակարգով։

Առաջին Վճռաբեկ բողոքն է ներկայացվել հայտնի «7-ի գործով» քաղբանտարկյալ, 225-րդ հոդվածով (սպանությամբ զուգորդված զանգվածային անկարգությունների կազմակերպում) դատապարտված Հակոբ Հակոբյանի նկատմամբ կայացված վճռի դեմ»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---