PAN-ի անձնակազմը բողոքի ակցիա է կազմակերպում՝ խմբագիրը տղամարդ է

PAN-ի անձնակազմը բողոքի ակցիա է կազմակերպում՝ խմբագիրը տղամարդ է

PanARMENIAN.Net - Մենք՝ PAN-ի խմբագրության աշխատակցուհիներս, ուզում ենք այս բաց նամակով հայտնել մեր բողոքի մասին: Հասկանո՞ւմ եք, մենք լուրջ խնդիր ունենք՝ մեր գլխավոր խմբագիրը տղամարդ է: Պատկերացրե՛ք՝ բոլորս կանայք ենք, ոմանք՝ նույնիսկ չամուսնացած (այս դեպքում ավելի ճիշտ է օգտագործել օրիորդ բառը), իսկ մեր խմբագիրն անձնակազմի միակ տղամարդն է: Բա այդպե՞ս կլինի: Բա մենք ինչպե՞ս նրա հետ մի սենյակում նստենք-աշխատենք մինչև ուշ երեկո, բա այդ ժողովները, որ անցկացնում ենք պարբերաբար՝ փակ դռների հետևում: Դեռ լավ է՝ հիմա անցել ենք հեռավար աշխատանքի, գրասենյակ չենք գնում, բայց այստեղ էլ կա խնդիր՝ նա մեզ ամբողջ օրը գրում կամ զանգահարում է ինչ-որ հարցերով: Այսօր էլ օնլայն ժողով ունեինք. բա մենք ինչպե՞ս բացատրենք օտար տղամարդու հետ այդքան երկար հեռախոսով և մեսենջերով ասել-խոսելու փաստը մեր ամուսիններին, հայրերին, մայրերին, եղբայրներին և, ի վերջո, թաղի լավ տղերքին: Բա մենք ա՞յդ աղջիկներն ենք: Դե՛մ ենք, բողոքո՛ւմ ենք, մեզ կի՛ն խմբագիր բերեք:

Աբսուրդ է, չէ՞: Իսկ հիմա պատկերացրեք, որ այս ամենն իրականում տեղի է ունեցել, բայց ոչ թե ձեզ ամենօրյա մեմեր բերող PAN-ի խմբագրությունում, այլ Փոքր Վեդի համայնքում, որտեղի երաժշտական դպրոցի անձնակազմն օգոստոսի 19-ին բողոքի ակցիա էր անցկացնում նոր տնօրենի նշանակաման հետ կապված: Նորանշանակ տնօրենից բողոքում էին ոչ միայն այն պատճառով, որ «երաժշտական կրթություն չունի, մաթեմատիկայի մասնագետ է», այլև՝ որ… տղամարդ է՝ մի բան, որում նա հիրավի մեղք չունի:

Բողոքողները նշում էին, որ «դպրոցի ամբողջ կոլեկտիվը կանայք են, հիմա էդ կանանց ամուսիններն իրենց կանանց թույլ չեն տա փակ սենյակում ժողովների նստել տղամարդու հետ, ու գործից կհանեն իրենց կանանց»: Այս առթիվ ուզում ենք նաև շնորհավորել նորանշանակ տնօրենի կնոջը (եթե նա ամուսնացած է). տիկի՛ն, ձեր ամուսինը քաղաքի ամենանախանձելի տղամարդն է թերևս, տեսե՛ք՝ ինչ վախ է նա ներշնչում քաղաքի մնացած տղամարդկանց, և ինչպիսի հույզեր արթնացնում մյուս կանանց սրտերում:

Կատակը մի կողմ՝ զարմանալի է, զվարճալի է, անհեթեթ է, բայց փաստ է, որ 21-րդ դարի Հայաստանում ամուսինները կարող են իրենց կանանց հանել աշխատանքից միայն այն պատճառով, որ հիմնարկի տնօրենը տղամարդ է: Արդյո՞ք սրանից ավելի պատկերավոր ինչ-որ բան կարող է նկարագրել սեռերի միջև հարաբերություններն ու իրավիճակը Հայաստանում՝ Երևանից դուրս: Մեկ՝ սա, մեկ՝ միջքաղաքային ճանապարհներին գտնվող խոշոր բենզա- և գազալցակայանների սպասասրահները՝ կանանց և տղամարդկանց համար առանձին-առանձին, որպեսզի հայ սուրբ մայրերն ու օջախի կանայք միամիտ չնստեն «խալխի» տղամարդկանց հետ: Մի կողմից կարելի է ասել՝ «հա ի՞նչ, լավ է, էլի, կանայք չեն շնչի ծխախոտի ծուխը (դե հո այնպես չի լինում, որ կանայք էլ ծխեն, ո՞վ է տեսել նման բան), չեն լսի քֆուրները»: Իսկ գուցե ուղղակի լինե՞ն սրահներ ծխողների և չծխողների համար, կամ գուցե պետք չէ՞ ծխել պայթյունավտանգ տարածքներում: Իսկ գուցե տղամարդիկ ուղղակի քֆուրներով չխոսե՞ն, անկախ նրանից՝ կա կին տարածքում, թե՝ ոչ, ուղղակի հասարակության մեջ ընդունված համակեցության ու քաղաքավարության նորմերը հաշվի առնելով: Չէ՞, չի՞ լինի այդպես, բա՞րդ է: Իհարկե, ավելի բարդ է, և մենք ընտրել ենք հեշտ ճանապարհը՝ բաժանել կրթելու փոխարեն, հետ գնալ զարգանալու փոխարեն:

Դե եթե այդպես է, եկեք մինչև վերջ գնանք այդ հարմար ու գայթակղիչ ուղով. աղջիկների և տղաների դպրոցներ՝ ինչպես անցյալում էր, առանձնացված համալսարաններ, կանայք կաշխատեն միայն որպես գործավարուհի ու քարտուղարուհի (կարծես, list.am-ում այս մոդելն է գործում), կամ ընդհանրապես չեն աշխատի՝ կնստեն տանը, կգործեն, կնկարեն, երեխաներին կպահեն. ի՞նչ վատ է: Հեշտ ու հանգիստ կապրենք՝ ծխող ու անառիթ հայհոյող տղամարդկանցով և միշտ ամոթխած հեզ կանանցով:

Յուլիաննա Լալաբեկովա / PanARMENIAN.Net
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---