Ովքեր են Հայաստանի 18 ազգային հերոսները

Ովքեր են Հայաստանի 18 ազգային հերոսները

PanARMENIAN.Net - Օգոստոսի 18-ին զինված ուժերի կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը: Նա կոչմանն արժանացել է որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն ցուցաբերելու համար։

Կապիտան Սանամյանը համալրել է ազգային հերոսների շարքը՝ դառնալով 18-րդը։

Ովքեր են ՀՀ անկախության 30 տարվա ընթացքում հռչակված մյուս 17 ազգային հերոսնը և ինչ արժանիքների համար են ստացել այդ կոչումը, հերթականությունը՝ ըստ ստանալու տարեթվի.

Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա-ն՝ ազգային և հոգևոր արժեքների պահպանման և բազմապատկման գործում բացառիկ ծառայությունների համար:

ԳԱԱ պատվավոր պրեզիդենտ Վիկտոր Համբարձումյանը՝ համաշխարհային նշանակության գիտական արժեքների ստեղծման, գիտության կազմակերպման բնագավառում մատուցած բացառիկ ծառայությունների և ազգանպաստ հասարակական գործունեության համար:

Հայկական բարեգործական ընդհանուր միության ցկյանս նախագահ Ալեք Մանուկյանը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, բազմամյա ազգանվեր ու հայրենանվեր գործունեության համար:

Արցախյան ազատամարտի մասնակիցներ Մոնթե Մելքոնյանը, Ջիվան Աբրահամյանը, Վիտյա Այվազյանը, Մովսես Գորգիսյանը, Թաթուլ Կրպեյանը, Գեղազնիկ Միքայելյանը, Յուրա Պողոսյանը՝ հայրենիքի պաշտպանության գործում համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար:

Ազգային հերոսներ են նաև քաղաքական և պետական գործիչ Կարեն Դեմիրճյանն ու ռազմական գործիչ, «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Վազգեն Սարգսյանը:

Ֆրանսահայ շանսոնիե Շառլ Ազնավուրը՝ աշխարհին Հայաստանի ներկայացման գործում և երկրի առջև ունեցած բացառիկ ծառայությունների համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյակի առթիվ:

Ամերիկահայ գործարար, բարերար Քըրք Քըրքորյանը՝ համազգային նշանակության բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար:

Ռուսաստանի Դաշնային ժողովի նախագահ, Դաշնության խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովը՝ 1988 թվականին Հայաստանում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից հետո կատարված վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում ներդրած անձնական ավանդի, դժվարին պահերին հայ ժողովրդին ցուցաբերած բարոյական բացառիկ աջակցության համար:

Արգենտինահայ գործարար Էդուարդ Էռնեկյանը՝ Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված գործունեության համար։

Անվանի դիրիժոր և կոմպոզիտոր Հովհաննես Չեքիջյանը՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու ազգանվեր գործում դրսևորած անմնացորդ նվիրումի, մշակույթի բնագավառում ներդրած անձնական մեծ ավանդի, ինչպես նաև հայ ժողովրդին մատուցած բացառիկ ծառայությունների համար:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---