Օգոստոսի 24-ին հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսվել

Օգոստոսի 24-ին հրամանատարաշտաբային զորավարժություններ են սկսվել

PanARMENIAN.Net - Օգոստոսի 24-ի վաղ առավոտյան՝ ժամը 05:00-ին, ԶՈւ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել են ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Զորավարժություններն անցկացվում են ՀՀ զինված ուժերի 2020-ի պատրաստության պլանի համաձայն

Զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ։

Նախատեսվում է նաև ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակություններն օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի ետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ-ն առաջին անգամ չի մասնակցի «Տանկային բիաթլոն» միջազգային մրցույթին, քանի որ, ըստ ՊՆ-ի, դա նպատակահարմար չէ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---