Պաշտոնյաները չարաշահումներ են արել պետական և համայնքային անշարժ գույքի օտարման մեջ

Պաշտոնյաները չարաշահումներ են արել պետական և համայնքային անշարժ գույքի օտարման մեջ

PanARMENIAN.Net - 2019-ին համայնքային և պետական սեփականություն անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացում արձանագրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ հարուցվել է 75 քրեական գործ։ Իսկ միայն 2020-ի 1-ին կիսամյակի ընթացքում՝ 108 քրգործ, կամ՝ ամբողջ 2019-ի համեմատ 33.3%-ով ավելի:

Ընդհանուր 183 քրգործից 105-ը վերաբերել է անշարժ գույքի օտարման գործընթացում արձանագրված չարաշահումներին, իսկ 78-ը՝ վարձակալության կամ ենթավարձակալության։

Մասնավորապես, մրցույթները կամ աճուրդները կրել են ձևական բնույթ, դրանց երկրորդ մասնակիցը ձևական է մասնակցել մրցույթին՝ ապահովելու նախապես որոշվածի հաղթանակը։

Բացի այդ, եղել են դեպքեր, երբ հողատարածքներն աճուրդով ձեռք բերած քաղաքացիները մտերիմ հարաբերությունների մեջ են գտնվել այդ տարածաշրջանում ղեկավար դիրք զբաղեցրած պաշտոնատար անձանց, այդ թվում՝ նաև աճուրդի կազմակերպչի հետ (համայնքի ղեկավար, մարզպետ և այլն): Եվ տվյալ հողատարածքները թեև գնվել են այդ քաղաքացիների տվյալներով, սակայն դրանց իրական սեփականատերը հանդիսացել են պետական բարձր պաշտոնյաներ:

Եղել են դեպքեր, երբ քաղաքապետը համայնքին պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության հողատարածքներն առանց իրավական որևէ հիմքի փոխել է գյուղատնտեսականի։ Դրա հետևանքով աճուրդի միջոցով օտարվել են անհամեմատ ցածր գնով (օրինակ՝ մի դեպքում 454 մլն դրամի փոխարեն հողամասն օտարվել է 712,000 դրամով):

Եղել են նաև դեպքեր, երբ վերանորոգված կենցաղի տան շենքը, օրինակ, ներկայացվել է որպես կիսաքանդ շինություն և աճուրդով օտարվել համայնքի ղեկավարի աներոջը։

341․6 մլն դրամի կադաստրային արժեք ունեցող վարչական շենքը դիտարկվել է որպես ապամոնտաժման ենթակա կառույց, արհեստականորեն գույքի արժեքն իջեցվել է 259․3 մլն դրամի։

Պաշտոնատար անձի որոշմամբ շուրջ 3000 քմ չափով պակասեցվել է Երևանի դպրոցներից մեկին նախկինում հատկացված տարածքը և աճուրդով օտարվել քաղաքացու, որն էլ կարճ ժամանակ անց հողամասը բաժանել է երկու մասի, վաճառել է նույն դպրոցի տնօրենի որդուն և պաշտոնատար անձի բարեկամին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---