Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորված պապը մկնդեղ է օգտագործել, ծայրահեղ ծանր է

Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորված պապը մկնդեղ է օգտագործել, ծայրահեղ ծանր է

PanARMENIAN.Net - Տավուշի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Պարզվել է՝ նա նույնպես մկնդեղ է օգտագործել և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, գրում է «Հայկական ժամանակը»։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ նա կալանավայրից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։

Նույն ընտանիքից օրեր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել 7 երեխա, նրանք թունավորված էին մկնդեղով, մարմինների վրա դաժան ծեծի հետքեր էին։ Հիվանդանոցում վեցամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է։

Բուժկենտրոնի թունաբաններից բժիշկ Գաբրիելյանը նշել է, որ կալանավայրից օգոստոսի 30-ին իրենց մոտ տեղափոխված հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին վտանգ է սպառնում։ Հարցին, թե ինչպես է նա մեկնաբանում իր արարքը, ինչու է մկնդեղ ընդունել, բժիշկը պատասխանել է, որ հիվանդը թեպետ գիտակցությունը չի կորցրել, սակայն իրենց հարցերին չի պատասխանում։

Խաշթառակ համայնքում բռնության ենթարկված 5 երեխային կտեղափոխեն Երևանի մանկան տուն:

Խոշտանգված երեխաների պապին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով), իսկ երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով)։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---