ԱԱԾ․ Փարաքարի և Դիլիջան ազգային պարկի պաշտոնյաները խոշոր գումար են հափշտակել

ԱԱԾ․ Փարաքարի և Դիլիջան ազգային պարկի պաշտոնյաները խոշոր գումար են հափշտակել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է, որ Արմավիրի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ վատնման եղանակով հափշտակել է համայնքի՝ 12,935,000 դրամի դրամական միջոցները:

Մասնավորապես՝ Փարաքար համայնքի ղեկավարը, համաձայնության գալով ընկերոջ՝ Ս.Ղ.-ի հետ, 2013-ին նշանակել է համայնքի ղեկավարի տեղակալ՝ տեղեկացված լինելով, որ տեղակալները չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել այլ պաշտոն։ Իմանալով Ս.Ղ.-ի կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունում աշխատելու մասին՝ նա, կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է Ս.Ղ.-ի վճարման։ Արդյունքում համայնքի բյուջեից Ս.Ղ.-ի անվամբ վատնման եղանակով 2014-2017 թթ. հափշտակվել է ընդհանուր 6,925,000 դրամ գումար:

Բացի այդ, նույն համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով ազգականի՝ Գ.Հ.-ի հետ, 2013 թ. վերջինին Փարաքարի համայնքապետարանում հրամանագրել է որպես վարորդ, որից հետո Գ.Հ.-ի կողմից աշխատանքի չհաճախելու պայմաններում ներկայացրել է վճարման։ Գ.Հ.-ի անվամբ 2013-2018 թթ. հափշտակվել է 5, 970, 000 դրամ:

Վերոգրյալից բացի, Փարաքար համայնքի ղեկավարը, համայնքի սոցալապես անապահով անձանցից Դ.Մ.-ի և Լ.Ս.-ի անուններով, 2015թ․ և 2018թ․, որպես սոցիալական աջակցություն տրամադրել է 40,000 դրամ և ելքագրված գումարն օգտագործել է իր անձնական կարիքների համար։

Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը ՊՈԱԿ-ի՝ 2019 թ. գնումների պլանով նախատեսված «Գազ 66-11» 4 բեռնատարի գնման համար 2019 թ. ապրիլի 16-ին gnumner.am-ուշ հրապարակված հայտի հիման վրա կայացած մրցույթի միակ մասնակից ընկերության հետ 2019 թ. օգոստոսի 1-ին կնքել է ապրանքի գնման պայմանագիր և «Կովկասի բնության հիմնադրամ» ՀԿ կողմից հիշյալ ՊՈԱԿ-ին հատկացված դրամաշնորհների հաշվին, 2019 թ. սեպտեմբերի 27-ին յուրաքանչյուրը 7,000,000 դրամով ձեռք է բերել (իրականում 2,400,000 դրամ միջին շուկայական արժեք ունեցող) 4 բեռնատար՝ քաջատեղյակ լինելով շուկայում վերջինի անհամեմատ էժան գնի մասին:

Հարուցվել են քրեական գործեր: Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ հանցավոր սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---