Հայ լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանը 80 տարեկան է

PanARMENIAN.Net - Այսօր հայկական եւ համաշխարհային սպորտի կենդանի լեգենդ, Հայաստանի սպորտային մարմնամարզության Ֆեդերացիայի նախագահ Ալբերտ Ազարյանը 80 տարեկան է դարձել: Հոբելյանի կապակցությամբ լեգենդար մարմնամարզիկի հետ զրուցել է PanARMENIAN.Net ի թղթակիցը:



«Այսօր ես առավոտից շնորհավորանքներ եմ ստանում, չեմ կարողանում հեռանալ հեռախոսի մոտից. զանգում են ընկերները, բարեկամները, հարազատները, անգամ պարզապես ծանոթները: Այ հիմա ես զրուցում եմ ձեզ հետ, եւ ինձ կրկին զանգահարում են: Ասեմ ձեզ, որ ես ինձ հիանալի եմ զգում իմ տարիքի մարդու համար, կարծես 40 տարեկան լինեմ: Նվերներ դեռ չեմ ստացել: Բայց դե ես այդ գործի սիրահար էլ չեմ: Ինձ բավական է հասարակ շնորհավորանքը. դրանից թանկ բան չկա»,- կիսվել է Ազարյանը:



Լեգենդար մարմնամարզիկին շնորհավորել է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով այն կարեւոր դերը, որ խաղացել է Ալբերտ Ազարյանը հասարակական գիտակցության մեջ առողջ ապրելակերպի ձգտում սերմանելու գործում:



«Այսօր ես շնորհավորանք եմ ստացել պետության ղեկավարից: Գիտեք, իմ 70-ամյակին ես շնորհավորանք էի ստացել Հայաստանի հանգուցյալ վարչապետ Անդրանիկ Մարգարյանից: Իմ 75-ամյակը շնորհավորել էր երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ հիմա ահա ես շնորհավորանք եմ ստացել Սերժ Սարգսյանից: Ի դեպ, անցյալ տարի օլիմպիական հանձնաժողովի նախագահ Գագիկ Ծառուկյանը խոստացավ իմ 80-ամյակին հանդիսավոր միջոցառում կազմակերպել: Ես գիտեմ, որ փետրվարի 17-ին Երեւանի Օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում կկայանա իմ 80-ամյակին նվիրված միջոցառում,- ասել է Ալբերտ Ազարյանը,- իսկ ինչ վերաբերում է ապագայի ծրագրերին, ապա այս տարի ես ոչ մի առանձնահատուկ բան չեմ ծրագրել: Ինչպես Դուք գիտեք, պեկինյան օլիմպիադային մեր մարմնամարզիկները չմասնակցեցին: Ներկայումս մենք մարմնամարզիկներ ենք պատրաստում 2012թ. Լոնդոնի օլիմպիադայի համար: Կարծում եմ` մենք արժանի ներկայացուցիչներ կունենանք»:



2000թ. Հայաստանի սպորտային լրագրողները Ալբերտ Ազարյանին ճանաչել էին XX դարի հայ լավագույն սպորտսմեն: 2004 եւ 2008թթ.նրան էր վստահվել Հայաստանի դրոշը կրելու իրավունքը Աթենքի եւ Պեկինի Օլիմպիական խաղերին:



1952-1962թթ. Ազարյանը 11 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, այդ թվում` 8 անգամ օղակների վարժությունում: 1954 եւ 1958թթ. Ազարյանը եղել է օղակների վարժությունների աշխարհի չեմպիոնը, իսկ 1956 եւ 1960թթ. Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ազարյանը կրում է «օղակների արքա» յուրահատուկ տիտղոսը: Նա հայտնի է նաեւ իր նշանավոր վարժությամբ, որն ավելի ուշ ստացավ «Ազարյանի խաչ» անվանումը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---