Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են Կովկասյան եւ Սեւծովյան տարածաշրջանների անվտանգության ամրապնդման հարցում

PanARMENIAN.Net - «Անցյալ տարվա օգոստոսյան ճգնաժամը ցույց տվեց, թե որքան կարեւոր է բոլոր երկրների կողմնորոշումը կովկասյան տարածաշրջանում նման սպառնալիքների առաջացման դեպքում, ու նաեւ ցույց տվեց, որ մենք ընդունակ ենք ինքնուրույն, առանց ոչ տարածաշրջանային տերությունների մասնակցության, գլուխ հանելու Կովկասի խնդիրներից»,- հայտնել է Դմիտրի Մեդվեդեւը բարձրագույն մակարդակով ռուս-թուրքական բանակցությունների ամփոփիչ մամլո ասուլիսին:



ՌԴ նախագահը նշեց, որ Ռուսաստանն ու Թուրքիան շահագրգռված են Կովկասյան եւ Սեւծովյան տարածաշրջանների անվտանգության ամրապնդման հարցում: «Մենք միանգամայն համամիտ ենք մի շարք դիրքերում, որոնք կարող են ամրապնդել այդ անվտանգությունը, մենք ողջունում ենք մի շարք նախաձեռնությունները, որոնցով հանդես են եկել մեր թուրք գործընկերները»,- ասել է նա:



Մեդվեդեւը պարզաբանեց, որ խոսքը գնում է Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի ստեղծման Թուրքիայի վերոհիշյալ առաջարկի մասին:



«Մենք տեսնում ենք դրա իրագործման հնարավորությունը եւ առավել հաճախակի, երբեմն ոչ պաշտոնական երկխոսություն վարելու, տարածաշրջանի տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ խնդիրների լուծմանը նպաստելու հնարավորությունը»,- ասել է ՌԴ նախագահը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---