ՊԲ-ն զգուշացնում է՝ ստիպված է օգտագործել մեծ մակերեսների կրակային խոցման սպառազինություն

ՊԲ-ն զգուշացնում է՝ ստիպված է օգտագործել մեծ մակերեսների կրակային խոցման սպառազինություն

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը՝ նշելով, որ հակառակորդը օգտագործում է ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ՊԲ-ն ստիպված է օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման սպառազինության տեսակներ։

Նշվում է, որ սեպտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը վերսկսել է լայնածավալ հարձակողական գործողությունները Արցախի պաշտպանության բանակի պաշտպանական գծի գրեթե ողջ երկայնքով: Մասնավորապես, հարձակողական գործողությունների ընթացքում առանձին ուղղություններով օգտագործում են ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր:

«ՏՕՍ», «Սմերչ» և մեծ տրամաչափի այլ համակարգերի կիրառումը փոխում է ռազմական գործողությունների տրամաբանությունն ու ծավալը՝ այն բարձրացնելով նոր մակարդակի:

Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարությունը զգուշացնում է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել՝ մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ»,- ասվում է գրառման մեջ:

Նշվում է նաև, որ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորեն հետ են մղում թշնամու հարձակման բոլոր փորձերը՝ պատճառելով տեխնիկայի և մարդկային ուժի ծանր կորուստներ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: Ռազմական գործողություններից անմիջապես հետո ՀՀ-ում հարյուրավոր մարդիկ կամավոր Արցախ մեկնելու պատրաստակամություն են հայտնել։ ՀՀ-ում ու Արցախում ռազմական դրություն է հայտարարվել։ ՀՀ-ից պահեստազորում հաշվառվածների ելքն արգելված է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---