64 սիրիացի վարձկան է մահացել ԼՂ մարտերում

64 սիրիացի վարձկան է մահացել ԼՂ մարտերում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին Մարդու իրավունքների սիրիական դիտարանը հայտնել է, որ վերջին 48 ժամում Լեռնային Ղարաբաղի կատաղի մարտերում Ադրբեջանի կողմից կռվող 36 սիրիացի վարձկան է մահացել, իսկ մարտերի սկզբից ի վեր՝ 64։

Նշվում է, որ համակարտության շրջանում վարձկանների ընդհանուր թիվը հասնում է 1200-ի, բացի զոհերից, կան նաև տասնյակ վիրավորներ և անհետ կորածներ։

Ավելի վաղ դիտարանը հայտնել էր 28 թրքամետ սիրիացի վարձկանի սպանվելու մասին։ Այդ ժամանակ նշվում էր, որ մահացածները եղել են Թուրքիայի միջոցով Ադրբեջան ուղարկված սիրիացի 850 վարձկանից։

Դեռ սեպտեմբերի 27-ից առաջ Հայաստանը հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Թուրքիան Ադրբեջան սիրիացի վարձկաններ է տեղափոխել։ Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այդ լուրերը, մինչ զուգահեռ միջազգային մամուլում դրանք հաստատող վկայություններ են հայտնվում։

Իսկ հոկտեմբերի 3-ին համացանցում հայտնվեց ադրբեջանական կողմում մարտի ժամանակ արված վարձկանների առաջին տեսանյութը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---