Վյաչեսլավ Յանովսկի. Հայերը բռնցքամարտի մեծ ներուժ ունեն

PanARMENIAN.Net - Երեւանում բռնցքամարտի միջազգային ընկերական մրցումների ավարտին, որին մասնակցում էին չորս երկրների` Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի ու Վրաստանի պատանեկան հավաքականները, մրցաշարի պատվավոր հյուր, բռնցքամարտի օլիմպիական չեմպիոն Վյաչեսլավ Յանովսկին լրագրողների հետ զրույցում դրական է գնահատել հայկական հավաքականի ելույթը` շեշտելով թիմի մարտական ոգին ու տրամադրվածությունը:



«Ես կարծում եմ, որ այս թիմին կհաջողվի հասնել օլիմպիական մեդալների: Հայ պատանիները շատ գրագետ են մարտը վարելու տեսակետից: Սակայն ինչն ինձ առավեպաես դուր եկավ հայ բռնցքամարտիկների մոտ, դա ոգին է: Եթե տեխնիկապես մրցակիցները մի փոքր գերազանցում էին հայերին, ապա ոգու տեսակետից հայերը բարձրության վրա էին: Ինչ վերաբերում է մրցաշարին, ապա այն ուղղակի հիանալի անցավ: Ես գտնում եմ, որ սա ինքնատիպ մի փորձ էր: Մրցաշարը շատ բարձր մակարդակ ունի: Եվ որքան շատ նման փոքր մրցաշարեր անցկացվեն, այնքան լավ»,-նշել է Յանովսկին:



Յանովսկին զրույցի ընթացքում նաեւ իր կարծիքը կիսեց պրոֆեսիոնալ բռնցքամարտի մասին:



«Ես գտնում եմ, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտը դա բարձր մակարդակ է, թեեւ սիրողականը, եւ պրոֆեսիոնալը կարեւեր տեղ են զբաղեցնում այս մարզաձեւում: Ես գիտեմ, որ հայերը իրենց ներկայացուցիչներն ունեն նաեւ պրոֆեսիոնալ բռնցքամարտում: Ես տեսել եմ Արթուր Աբրահամի վերջին մենամարտը: Գերազանց տղա է, սակայն կասեմ, որ պետք է լրջորեն մոտենալ նախընտրած մարզաձեւին: Սա այնուամենայնիվ բռնցքամարտ է: Պրոֆեսիոնալ բռնցքամարտում չի կարելի թերի վերաբերմունք ցույց տալ իր գործին: Պետք է միշտ պատրաստվել, պարապել, ոչ թե համոզված լինել, որ եթե հասել ես ինչ-որ բարձունքի, ուրեմն դու անպարտելի ես: Միշտ կգտնվի մեկը, ով կկարողանա քեզ հաղթել: Իսկ ինչ վերաբերում է բռնցքամարտիկների փոխադարձ սպառնալիքներին, ապա դա ուղղակի խաղ է հանդիսատեսի համար, որով մենք բորբոքում ենք հետաքրքրությունը առաջիկա մարտի նկատմամբ: Այդ ամենը ձեզ համար է արվում: Իսկ հոգում բռնցքամարտիկները չարություն չեն պահում միմյանց հանդեպ»,-խոստովանել է Յանովսկին:



Յանովսկին նաեւ նշել է, որ որպես հուշանվեր Ռուսաստան կտանի հայկական կոնյակը եւ Ծաղկաձորում հավաքած մի քանի քարեր, որպես հուշ այն ժամանակների մասին, երբ օլիմպիական չեմպիոնն ընտանիքով հանգստանում էր հայկական այդ հանգստավայրում:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---