Covid-19-ի տարածման պատճառով դպրոցներում աշնանային արձակուրդն ավելի շուտ կսկսվի

Covid-19-ի տարածման պատճառով դպրոցներում աշնանային արձակուրդն ավելի շուտ կսկսվի

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի տարածման պատճառով դպրոցական աշնանային երկշաբաթյա արձակուրդը, որը պետք է մեկնարկեր նոյեմբերի 2-ից, կսկսվի հոկտեմբերի 15-ից ու կտևի մինչև հոկտեմբերի 29-ը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

Դասերի վերսկսման ձևի մասին որոշումը կկայացվի երկու շաբաթից, ինչը ենթադրում է, որ հնարավորության դեպքում զգալի պետք է սահմանափակվի աշակերտների տեղաշարժը և շփումը:

Որոշումը կայացվել է՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի` ուսումնական հաստատություններում կրթական գործընթացը դադարեցնելու մասին ստացված գրությունը։ Հաշվի է առնվել կորոնավիրուսային հիվանդության` հոկտեմբերի 14-ին հրապարակված վարակակիրների թվի ռեկորդային վտանգավոր աճը (1058 դեպք կամ 36.8%), առողջապահական համակարգը հիմնականում ռազմաճակատին ի սպաս դնելու խիստ անհրաժեշտությունը:

«Մեր պահանջն ու կոչն է, որ ռազմական դրության, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման մեծ թվերի պայմաններում խստագույնս պահպանվեն հակահամաճարակային կանոնները՝ դրանով հնարավոր դարձնելով դասերի վերսկսումը:

ՀՀ առողջապահության նախարարի գրությամբ երկու շաբաթով կդադարեցվի նաև մանկապարտեզների, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցների աշխատանքը, ուսումնարանները, քոլեջները և բուհերը կանցնեն ամբողջությամբ հեռավար կրթության: Այս գործընթացի հետագա շարունակության մասին որոշումներ կկայացվեն երկու շաբաթ հետո՝ ելնելով ընթացիկ իրավիճակից: Համապատասխան գրությունները այսօր կուղարկվեն ուաումնական հաստատություններին»,- ասվում է գրառման մեջ:

Հայաստանում հոկտեմբերի 14-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 58,624-ի։ Փաստացի բուժվողների թիվը հասել է 10,561։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 1039 դեպք կա, այլ պատճառով՝ 311։ Առողջացածների ընդհանուր թիվը 46,713 է։

Առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ պատերազմական իրավիճակում առավել կարևոր է դառնում զգոն լինելը և հակահամաճարակային կանոններին հետևելը, քանի որ կորոնավիրուսի դեպքերի աճն ավելի է ծանրաբեռնում պատերազմի պայմաններում գործող առողջապահական համակարգը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---