Հայաստանի եւ Վրաստանի միջեւ անլուծելի խնդիրներ չկան

PanARMENIAN.Net - Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեւի հետ բանակցություններին քննարկվել է հայ-վրացական հարաբերությունների շրջանակը` սկսած քաղաքականությունից եւ վերջացրած մշակույթով: Այդ մասին Վրաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Մենք խոսում էինք անցյալ տարի Հայաստանի եւ Վրաստանի կառավարությունների միջեւ ստորագրված ու արդեն իրագործված ծրագրերի, ինչպես նաեւ առաջիկա ծրագրերի մասին: Մարտին Երեւանում տեղի կունենա Վրացական մշակույթի օրերի բացումը, իսկ ապրիլին` Հայաստանի ԱԳՆ պատվիրակության պատասխան այցը Թբիլիսի»,- ասել է Նալբանդյանը:



Գրիգոլ Վաշաձեն իր հերթին նշել է, որ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ կա իրավա-պայմանագրային հիմք, որը պետք է առավելագույսն օգտագործվի, որպեսզի երկու երկրների միջեւ համագործակցությունը ավելի բարձր մակարդակի բերվի:



Դրա հետ մեկտեղ Հայաստանի եւ Վրաստանի ԱԳՆ ղեկավարները ընդգծել են, որ երկու երկրների միջեւ անլուծելի խնդիրներ չկան: «Վրաստանում չկա Ջավախքի հայության խնդիր, կան շրջանի տնտեսական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն: Ինչ վերաբերում է Ախալցխայի ձերաբակալություններին, ապա մարդիկ ձերբակալվել են ոչ թե այն պատճառով, որ հայ են, այլ հակապետական գործունեության համար: Եթե վրացիները խախտեին օրենքը, նրանք նույնպես կձերբակալվեին: Ներկայումս բոլոր մեղադրյալները ապահովված են պաշտպանությամբ: Ես կցանկանայի ընդգծել, որ Թբիլիսին ամենից շատ է շահագրգռված հայերին վրացական հասարակության մեջ ինտեգրելու գործում: Մենք կարծում ենք, որ այդ գործընթացը դանդաղ է ընթանում եւ այն պետք է արագացնել»,- ասել է Վաշաձեն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---