Ռոհանին՝ Էրդողանին․ Պատերազմը ԼՂ հակամարտության լուծում չէ

Ռոհանին՝ Էրդողանին․ Պատերազմը ԼՂ հակամարտության լուծում չէ

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոհանին իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը ռազմական լուծում չունի, փոխանցում է Tasnim News-ը։

«Մեր դիրքորոշումն այս հարցի շուրջ միանգամայն պարզ է, և մենք հավատացած ենք, որ պատերազմն այս ճգնաժամի լուծումը չէ, իրավիճակը պետք է կարգավորվի երկխոսության և բանակցությունների միջոցով»,- ասել է Ռոհանին:

Նա ընդգծել է, որ Թեհրանն ու Անկարան՝ որպես հզոր տարածաշրջանային երկրներ, կարող են ուժերը համատեղել ու Մոսկվայի հետ գործակցությամբ օգնել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վերականգնմանը:

Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Իրանի տարածքում են հայտնվել տասնյակ արկեր, սահմանամերձ բնակավայրերում բնակելի տներ են ավերվել, խաղաղ բնակչություն է տուժել։ Իրանի ԱԳՆ-ից ավելի վաղ հայտնել էին, որ կպատասխանեն իրենց տարածքի վրա ցանկացած գործողության, եթե անգամ դա միտումնավոր չի արվել։ Ավելի վաղ նաև իրանցի պաշտոնյաները զրուցել էին ադրբեջանցի գործընկերների հետ՝ նախազգուշացնելով նրանց կրակի հետևանքների մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Photo. AP
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---