ԱԱԾ․ Կրոնական քարոզիչ Վահե Պետրոսյանին բանակի վերաբերյալ տեղեկություններ չտրամադրել

ԱԱԾ․ Կրոնական քարոզիչ Վահե Պետրոսյանին բանակի վերաբերյալ տեղեկություններ չտրամադրել

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ որպես կրոնական քարոզիչ ներկայացող ֆեյսբուքյան օգտատեր Վահե Պետրոսյանը իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ: Կառույցը հորդորում է նման տվյալներ չտրամադրել։

«Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ պատերազմական իրավիճակում առաջնագծի, թիկունքի, զորքերի տեղաշարժի, մարդկանց կուտակումների վերաբերյալ, ինչպես նաև առաջին հայացքից թեկուզ ոչ նշանակալի թվացող ցանկացած տեղեկատվություն անթույլատրելի է փոխանցել այլ անձանց, քանի որ նման տվյալները ուղղակի կամ անուղղակի կերպով կարող են օգտագործվել Հայաստանի և Արցախի անվտանգությանը վնասող գործողություններ իրականացնելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն ազգաբնակչությանը հորդորում է սոցիալական ցանցերում շփումների ընթացքում դրսևորել զգոնություն, աչալրջություն և զերծ մնալ առաջնա­գծին առնչվող տվյալներ տարածելուց:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հրետակոծություններից վիրավորվել են նաև տեղացի և ֆրանսիացի լրագրողներ։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---