Սիրիացի վարձկան Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել․ Կալանավորման միջնորդություն կա

Սիրիացի վարձկան Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել․ Կալանավորման միջնորդություն կա

PanARMENIAN.Net - Արցախում գերեվարված Սիրիայի քաղաքացի Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

ՊԲ ստորաբաժանումները մարտական գործողությունների ընթացքում գերեվարել են հերթական սիրիացի վարձկանին, որը, ինչպես պարզվել է նախնական հարցաքննության ժամանակ, 1988թ. ծնված, Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին է: Արցախում, իր խոսքերով, «քաֆիրների» (անհավատների) դեմ կռվելու համար նրան խոստացվել է ամսական 2000 դոլար վարձավճար ու ևս 100 դոլար «պարգևավճար»՝ ամեն «քաֆիրի» գլուխ կտրելու համար:

Նախաքննության ընթացքում՝ նոյեմբերի 3-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն, պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ, պատժվում է 12-20 տարի կամ ցմահ ազատազրկմամբ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն, պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ)։

Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Քննչական կոմիտեն նաև մի հատված է ներկայացրել Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի հարցաքննությունից։

Ավելի վաղ ձերբակալվել էր Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկան Մըհըրաբ Մուհամմադ Ալ Շխայիրը։Նա ձերբակալվել է, նրան ևս մեղադրանք է առաջադրվել։

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մի շարք միջազգային պայմանագրերի պահանջների խախտմամբ ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի, դրա շրջանակներում պատերազմ վարելու արգելված մեթոդներ կիրառելու, համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված կերպով մարդկային և գույքային կորուստներ պատճառելու դեպքերի առթիվ ՀՀ և Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---