Բադասյան․ Խոսքի ազատության սահմանափակման կանոնները խիստ անհրաժեշտ են

Բադասյան․ Խոսքի ազատության սահմանափակման կանոնները խիստ անհրաժեշտ են

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով ռազմական դրությամբ պայմանավորված ԶԼՄ-ների հետ կապված սահմանափակումներին, հայտարարել է, որ խոսքի ազատության սահմանափակման կանոնակարգումները խիստ անհրաժեշտ են։

Նա հավելել է, որ դեռևս ծանոթ չէ ՄԻՊ Արման Թաթոյանի դիմումին, որն ուղղվել է ՍԴ՝ ռազմական դրությամբ պայմանավորված ԶԼՄ-ների հետ կապված սահմանափակումների սահմանադրականության հարցով, գրում է Panorama.am-ը:

«Որքան ծանոթ եմ պարոն Թաթոյանի հայտարարությանը, ավելի շատ բարձրաձայնվում է իրավունքների սահմանափակման ծավալի համաչափության հարցը, այլ ոչ ինքնին նշված սահմանափակումների իրավաչափությունը։ Անպայման կծանոթանանք դիմումին... Բանն այն է, որ կարգավորման նպատակը հենց խոսքի ազատության վրա ուղիղ ազդեցություն ունենալն է, քանի որ սահմանադրությամբ նախատեսված կարգավորումը թույլ է տալիս, որ և՛ արտակարգ, և՛ ռազմական դրության ընթացքում խոսքի ազատությունը սահմանափակվի։

Բնականաբար, ռազմական դրության ընթացքում խոսքի ազատության սահմանափակման կանոնակարգումները խիստ անհրաժեշտ են»,- ասել է նախարարը։

Թաթոյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ ռազմական դրության հիմքով կարծիքի արտահայտման և մամուլի ազատության նկատմամբ սահմանափակումների ու վարչական պատասխանատվություն սահմանող դրույթների սահմանադրականության հարցով: Իր դիմումում նա նշել է, որ սահմանափակումները պետք է ամրագրվեն հստակ կանոններով, ունենան բարձր աստիճանի կոնկրետություն և բացառեն որևէ տեսակի անորոշություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---