Փարիզում բացվել է ֆրանսիական Դիմադրության հերոս Միսաք Մանուշյանի հուշատախտակը23 փետրվարի 2009 - 20:39 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին Փարիզի 14-րդ թաղամասի Պլեզանս փողոցի թիվ 11 շենքի ճակատին զետեղվեց ցուցանակ` ի հիշատակ ֆրանսիական Դիմադրության ականավոր գործիչներ Միսաք եւ Մելինե Մանուշյանների, որոնք այդ տանն ապրել էին նախքան 1943թ. գեստապոյի կողմից Միսաքի ձերբակալվելը: Ցուցանակը հանդիսավորապես բացեցին Շառլ Ազնավուրը, Փարիզի փոխքաղաքապետ Կատրին Վիյո-Շարիեն, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Համլետ Գասպարյանը եւ Մանուշյանի խմբի երկու ողջ մնացած անդամներ Անրի Կարայանը եւ Արսեն Չաքարյանը: Արարողությունն ուղեկցվեց զինվորական պատիվներով, խոնարհվեցին կամավորական միավորումների դրոշները, հնչեցին պարտիզանների հիմնը եւ Լուի Արագոնի խոսքերով Միսաք Մանուշյանին նվիրված Լեո Ֆերեի «Կարմիր Աֆիշը» երգը: Հիշատակի արարողությանը ներկա էին Ֆրանսիայի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, նախկին դիմադրականներ, Ֆրանսահայ նախկին ռազմիկների եւ դիմադրականների ազգային միության անդամներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ եւ հարյուրավոր քաղաքացիներ: Նույն օրը Մանուշյանի խմբին նվիրված հիշատակի ավանդական միջոցառում տեղի ունեցավ Վո-ան-Վլեն քաղաքում` Մանուշյանի անվ. պուրակում: Փետրվարի 22-ին Մանուշյանի խմբի հիշատակը հարգվեց Իվրիի Փարիզյան գերեզմանատան Գնդակահարվածների հրապարակում` Միսաք Մանուշյանի կիսանդրու առջեւ, իսկ փետրվարի 23-ին` Փարիզի 20-րդ թաղամասի Մանուշյանի խմբի անվ. փողոցում: Միսաք Մանուշյանը (ծնվ. 01.09.1906թ. Ադյամանում, գնդակահարվել 21.02.1944թ. Փարիզում) ֆրանսիական Դիմադրության հերոսներից է, փարիզյան շրջանի պարտիզանական ինտերնացիոնալ խմբերի հրամանատար, որի ծառայությունները մեծ են Ֆրանսիայի ազատագրության համար ֆաշիզմի դեմ մղված պայքարում: Ֆրանսիայի տարբեր բնակավայրերում նրա անունով են կոչված մոտ քառասուն փողոցներ, հրապարակներ, պուրակներ եւ սրահներ: Մանուշյանի խմբին 1955թ. բանաստեղծություն է ձոնել Լուի Արագոնը, որը 1959թ. երգի է վերածել Լեո Ֆերեն: Մանուշյանը Ազնավուրյանների ընտանիքի մտերիմներից էր եւ ընդհատակյա պայքարի տարիներին ինքը եւ կինը` Մելինեն, հաճախ էին թաքնվում նրանց տանը: Միսաք Մանուշյանը նաեւ ֆրանսահայ համայնքի հայտնի գործիչներից էր, ՀՕԿ-ի (Հայ Օգնության կոմիտե) քարտուղար: Նա նաեւ շնորհալի բանաստեղծ էր, թարգմանիչ եւ խմբագիր (հիմնել է «Ջանք» եւ «Մշակոյթ» գրական-գեղարվեստական ամսագրերը, խմբագրել «Զանգուն»): Ամեն տարի Ֆրանսիայում փետրվարի վերջին եւ Երկրորդ Համաշխարհային պատերազմի հիշատակի արարողություններին ոգեկոչվում է Մ. Մանուշյանի եւ նրա խմբի հիշատակը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |