Ադրբեջանն ընդունել է ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցումը

Ադրբեջանն ընդունել է ՀՀ տարածքում ռուսական ուղղաթիռի խոցումը

PanARMENIAN.Net - Հայաստանի տարածքում ռուսական Մի-24 ուղղաթիռը «սխալմամբ խոցվել է Ադրբեջանի կողմից», այդ երկրի արտաքին գործերի նախարարությունն ընդունել է իրենց կողմից ուղղաթիռի խոցման փաստը և հայցել ռուսական կողմի ներողամտությունը։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտարարել էին, որ ռուսական Մի-24 ուղղաթիռը խոցվել է Հայաստանի Երասխ բնակավայրի տարածքում՝ Նախիջևանի հետ սահմանին՝ դյուրակիր զենիթահրթիռային համալիրի հարվածից։

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, թե «ուղղաթիռի խոցումը դժբախտ պատահար է, և ուղղված չի եղել Ռուսաստանի դեմ»։

Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ ուղղաթիռը թռչել է հայ-ադրբեջանական սահմանին մոտ այն ժամանակ, երբ ղարաբաղյան հակամարտության գոտում ակտիվ ռազմական գործողություններ են եղել։ Ադրբեջանական կողմը նաև նշել է, թե նախկինում այդ տարածքում ռուսական ինքնաթիռներ չեն երևացել։ Ադրբեջանը նաև հայտարարել է համապատասխան փոխհատուցում տրամադրելու պատրաստակամություն։

ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ռուսական Մի-24-ը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։

Ավելի վաղ ՌԴ-ից նշել էին, որ նախնական տեղեկությունով, երկու հոգի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---