Պեսկով․ Թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելու ծրագիրը Թուրքիայի ներքին գործն է

Պեսկով․ Թուրք զինվորներին Ադրբեջան ուղարկելու ծրագիրը Թուրքիայի ներքին գործն է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով թուրք զինծառայողներին Ադրբեջան գործուղելու որոշման նախագիծը, հայտարարել է, որ դա Թուրքիայի ներքին գործն է՝ նախատեսված ներքին օրենսդրությամբ։

Ավելի վաղ թուրքական Anadolu գործակալությունը հայտնել էր, որ երկրի խորհրդարան է ներկայացվել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշման նախագիծն Ադրբեջան թուրք զինծառայողների գործուղման մասին, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Բանն այն է, որ Ադրբեջանի տարածքում մշտադիտարկման կենտրոն է լինելու, այնտեղ պետք է թուրք զինվորականներ ուղարկել՝ սա ներքին ընթացակարգեր են, որոնք նախատեսված են Թուրքիայի ներքին օրենսդրությամբ։ Դա Թուրքիայի ներքին գործն է»,- ասել է Պեսկովը։

«Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում համատեղ դիտարկման կենտրոնի ստեղծմանը, ապա դա ՌԴ և Թուրքիայի երկկողմ պայմանավորվածության արդյունք է»,- ասել է Պեսկովը։

Նոյեմբերի 11-ին Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան և Մոսկվա հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման դիտարկման կենտրոնի մասին և որ իրենք մասնակցելու են «համատեղ խաղաղապահ առաքելությանը»։ Մինչ այդ Պեսկովը հայտարարել էր, որ ԼՂ հարցում Մոսկվան և Անկարան աշխատելու են Ադրբեջանի տարածքում ստեղծվելիք դիտարկման կենտրոնում՝ «համատեղ խաղաղապահ ուժերի մասին խոսք չի եղել»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---