Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ծառուկյանից գրությամբ որոշ պարզաբանումներ է ուզել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ծառուկյանից գրությամբ որոշ պարզաբանումներ է ուզել

PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության կանոնների խախտման վերաբերյալ N 03/2020 վարույթի նյութերը, եզրակացրել է, որ խախտվել են Հանրային ծառայության մասին օրենքի պահանջները, որի համաձայն պատգամավորն իրավունք չունի զբաղվելու ձեռնարկատիրությամբ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գրություն է ուղարկել Ծառուկյանին՝ որոշ պարզաբանումներ պահանջելով։

Հուլիսի 6-ի վարույթը հարուցվել է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից հանձնաժողով ներկայացրած դիմումի հիման վրա, որին կցված է «Մուլտի Գրուպ» կոնցեռն ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Գագիկ Ծառուկյանը։

Էլեկտրոնային գրանցամատյանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեռևս 2018-ի հունվարի 22-ին ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն էր ներկայացվել «Կոտայք» գարեջրի գործարան ՍՊԸ մասնակցի՝ 2018-ի հունվարի 16-ի որոշումը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ընկերության կանոնադրության մեջ և որոշումը ստորագրվել էր Գագիկ Ծառուկյանի կողմից։

Վարույթի շրջանակում Հանձնաժողովն ուսումնասիրել է Գագիկ Ծառուկյանի և իր ընտանիքի անդամների կողմից 2011-2019թթ․ ներկայացրած հայտարարագրերը և հայտարարագրված տվյալները համադրել ՀՀ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրից ստացված տեղեկատվության հետ, ինչպես նաև անհամատեղելիությանն առնչվող առերևույթ փաստերի հետ, ապա էլեկտրոնային տարբերակով Գագիկ Ծառուկյանին է ներկայացրել գրություն՝ առաջարկելով ներկայացնել պարզաբանում և դրան կցել փաստարկների հիմնավորվածությունը հավաստող փաստաթղթեր։

Ավելի վաղ ԲՀԿ առաջնորդի փաստաբանը հայտարարել էր, որ Ծառուկյանը ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի իրեն սեփականության իրավունքով պատկանող ձեռնարկությունների կառավարմանը չի մասնակցել, իսկ այդ ժողովին, որ մասնակցել է, փաստացի, ըստ էության, նա որևէ կառավարչական լիազորություն, գործառույթ չի իրականացրել: Ծառուկյանը, իր գործարար պատգամավոր լինելու մասին բոլոր հարցերին ի պատասխան միշտ պատասխանել է, որ ինքը ոչ թե գործարար է, այլ սեփականատեր և իր բոլոր բիզնեսները հանձնել է հավատարմագրային կառավարման։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---