ՍԱՏՄ․ Դասարանում առնվազն 18-22 աստիճան պետք է լինի` ստուգայցեր կլինեն

ՍԱՏՄ․ Դասարանում առնվազն 18-22 աստիճան պետք է լինի` ստուգայցեր կլինեն

PanARMENIAN.Net - Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսը մասնակիորեն վերսկսել է, ուստի ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգայցերով դիտարկելու են ջեռուցման նորմերի պահպանումը։

Նշվում է, որ դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում, մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում առնվազն 18-22 աստիճան ջերմություն պետք է ապահովվի։

Ուսումնական արհեստանոցներում, նախասրահում, հանդերձարանում և ռեկրեացիաներում ցուրտ եղանակային պայմաններում՝ առնվազն 18-20 աստիճան տաքություն պետք է ապահովվի, իսկ մարզադահլիճում՝ 17-19:

Վառարանային ջեռուցումն արգելվում է։

Այս պահանջները տարածվում են հանրակրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների վրա՝ անկախ սեփականության և կազմակերպական-իրավական ձևից, գերատեսչական պատկանելությունից:

Նախադպրոցական կազմակերպությունների մասով էլ սահմանվում է, որ շենքերը պետք է ապահովված լինեն կենտրոնացած ջեռուցման և օդափոխության համակարգերով: Գյուղական բնակավայրերում մեկ հարկանի մսուր-մանկապարտեզների շենքերում (50 տեղից ոչ ավելի) թույլատրվում է վառարանային ջեռուցում: Վառարանի բացվածքը փակվում է հերմետիկ դռնով, տեղադրվում է միջանցքում և ոչ այն տարածքում, որտեղ երեխաներն են: Վառարանները վառվում են երեխաների բացակայությամբ և մարվում են նրանց գալուց 1.5-2 ժամ առաջ:

Որպես ջեռուցիչ սարքեր կարող են օգտագործվել խողովակային տաքացուցիչները` տեղադրված բետոնե պանելների մեջ, ջեռուցիչներ, նաև տաք օդ մղող կոնվեկտորներ: Այրվածքներից ու վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է ջեռուցման սարքերն արտաքինից ծածկել փայտե ցանցաճաղով: Չի թույլատրվում ծածկել ԳՍՊ-ով (ՓՏՍ): Տարածքների օդի ջերմությունը պետք է տարբերակել՝ կախված տարածքի օգտագործման նպատակներից, երեխաների տարիքից:

Ուսումնական պրոցեսը ՀՀ ուսումնական հաստատություններում և նախադպրոցական կազմակերպությունների, որն ընդհատվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, վերսկսվել է նոյեմբերի 13-ին։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---