Մի շարք ընդդիմադիրների մեղադրանք է առաջադրվել

Մի շարք ընդդիմադիրների մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր մի խումբ գործիչներ հրավիրվել էին ՀՔԾ, նրանց մեղադրանք է առաջադրվել։

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, ՀՅԴ նեկայացուցիչ Գեղամ Մանուկյանին ու «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել 225.1 հոդվածով (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը): Նրանք մեղադրանքը չեն ընդունել։

«Քիչ առաջ հերթական անգամ հրավիրվել էի ՀՔԾ։ Ինձ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։ Հայտնել եմ,որ ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում և հրաժարվել եմ ցուցմունք տալ»,- գրել է Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում։

Արսեն Բաբայանը տեղեկացրել է, որ քաղաքական ընդդիմության լիդերներին հրավիրել են ժամը 16:00-ին՝ նպատակ ունենալով խոչընդոտելու հանրահավաքին նրանց մասնակցությունը:

«Իմ տեղեկություններով՝ կանչել են բոլոր նրանց, ովքեր առաջին օրերին ձերբակալվել են», - նշել է նա, գրում է Aysor.am-ը:

«Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանն էլ հայտնել է, որ իրեն ևս մեղադրանք են առաջադրել՝ օրենքի խախտումով զանգվածային միոջցառումներ անցկացնելու համար:

Նա նկատել է, որ մի հոդվածով ձերբակալում են, մեկ այլ հոդվածով մեղադրանք առաջադրում. «Ակնհայտ է՝ սա քաղաքական հետապնդում է, իրավական բաղադրիչ չկա: Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցն արդեն կիրառված էր»:

Ընդդիմադիր 16 կուսակցությունը նոյեմբերի 18-ին՝ ժամը 18։00-ին հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման փաստաթուղթ է ստորագրել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվում են ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---