Անհետ կորածների հարազատներին ՊՆ շենքի մոտ խնդրել են կառույցին ժամանակ տալ

Անհետ կորածների հարազատներին ՊՆ շենքի մոտ խնդրել են կառույցին ժամանակ տալ

PanARMENIAN.Net - Պատերազմի ժամանակ անհետ կորած զինվորների ծնողները և հարազատները բողոք ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց։ Նրանք ցանկանում էին հանդիպել պատասխանատու պաշտոնյաների հետ և տեղեկություններ ստանալ իրենց զինծառայողների գտնվելու վայրի մասին։

Տեղում ծառայություն են իրականացնում ոստիկաններ։ ՊՆ-ից առաջարկել են մի քանիսին հանդիպել նախարարին, ծնողները նշել էին, որ ուզում են բոլորով հանդիպել։ Ավելի ուշ միայն մի քանի կնոջ էր թույլատրվել մտնել գերատեսչության շենք։

Կանանցից մեկը գեներալներից մեկի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ իրենց խնդրել են «թողնել, որ իրենք աշխատեն, իրարանցում չստեղծեն», այդպես կհեշտացնեն իրենց գործը, 2 օրվա մեջ արդեն նորություններ կլինեն։ Նրանք պատրաստ են սպասել 2 օր։

Առավոտյան նրանք բողոքի ակցիա էին իրականացրել Էջմիածնի զորամասի մոտ, որտեղ նրանց հայտնել են, որ դեկտեմբերի 1-ին և 2-ին որոնողական աշխատանքներ են իրականացվելու Կովսականում (Զանգելանում), որտեղ նախկինում հասանելիություն չունեին։

«Մենք երեխայի համար ենք էստեղ եկել։ 45 օր է` չի կարողանում գա, մեզ պատասխան տա։ Թող բարի լինեն գան, եթե չեն իջնում, թող մենք գնանք։ Պետությու՞ն ա էս․․․ Տվել ենք, բարի եղեք, եկեք մեր հարցերին պատասխանեք։ 27 տարի երեխա եմ պահել, որ տանեք տենց հարցի լուծում տա՞ք։ 45 օր է՝ փախնում եք էս կողմ-էն կողմ։ Հո չգալով չի։ Ամոթ էլ է, ռուսական դեսպանատան մոտ կագնեցինք, երեք րոպե չտևեց` դեսպանն իջավ։ Հայ ազգի համար են կռվել մեր երեխեքը, մենք ում դիմենք․․․ Նստել են տաք տեղ, ալարում են իջնեն՝ ծնողներին պատասխանեն... Երեխա ենք տվել, 45 օր գալիս բանկի դուռ ենք չոքել, ինչ է՝ մեկը պետք է գա մեզ մի բան ասի՝ կամ հա, կամ չէ»,- իր վրդովմունքն էր հայտնում անհետ կորածներից մեկի հայրը, որը նշում է՝ որդին զանգել է երեկ և օգնություն խնդրել։

Դրանից հետո նրանք գնացել էին Ռուսաստանի դեսպանատան դիմաց, հանդիպել դեսպանության ներկայացուցչին և հերթական նամակը փոխանցել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---