Հայաստանի եւ Լիբանանի միջեւ օրինակելի հարաբերություններ են ձեւավորվել

PanARMENIAN.Net - Մերձավոր Արեւելքում ընթացող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Լիբանանի իր պաշտոնակից Ֆաուզի Սալլուխի հետ: Ողջունելով ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին` Լիբանանի արտգործնախարարն ասաց, որ երկու պետությունների միջեւ ձեւավորվել են օրինակելի հարաբերություններ, ինչը պայմանավորված է փոխադարձ համակրանքով եւ բարեկամական փոխգործակցության զարգացման փոխադարձ ցանկությամբ: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ անկախությունից ի վեր Հայաստանը քայլեր է ձեռնարկել Լիբանանի հետ հարաբերությունների համակողմանի զարգացման ուղղությամբ, եւ այդ ոլորտում լուրջ ձեռքբերումներ կան` բարձր մակարդակի այցելություններ, առեւտրատնտեսական համագործակցություն, մշակութային փոխանակումներ: ՀՀ արտգործնախարարի բնորոշմամբ` վերջին տարիներին, օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով, հայ-լիբանանյան հարաբերությունների զարգացումը դանդաղել է, եւ իր այցի նպատակն է նոր լիցք հաղորդել փոխշահավետ համագործակցությանը: Զրուցակիցները պայմանավորվեցին նաեւ իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվությունների վերսկսման մասին: Նախարարներն անդրադարձան տարածաշրջանային խնդիրների կարգավորման գործընթացին` կարեւորելով ուժի կիրառման բացառումը` որպես հիմնախնդիրների արդյունավետ լուծման կարեւոր գրավական:





Լիբանան պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախարարն այցելեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա-ին: Է. Նալբանդյանի հանդիպում ունեցավ նաեւ Լիբանանի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ՀՀ արտգործնախարարը պատասխանեց լիբանանահայությանը հուզող բազմաթիվ հարցերի, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---