Հայոց ցեղասպանության մասին առաջին ֆիլմը 90 տարեկան է

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին առաջին «Հոշոտված Հայաստան» ֆիլմը 90 տարեկան է: Այդ կապակցությամբ Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը կազմակերպել է «Հոշոտված Հայաստան» ֆիլմի օն լայն ցուցադրությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հաղորդել ինստիտուտ թանգարանի մամլո կենտրոնում, 1918թ. Նյու Յորքում անգլերեն լեզվով լույս տեսավ Հայոց ցեղասպանության ականատեսի առաջին փաստավավերագրական հուշագրություններից մեկը` «Հոշոտված Հայաստան» խորագրով, որում հեղինակը` ցեղասպանությունը վերապրած չմշկածագցի Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանը, պատմում է բռնագաղթի ճանապարհի իր սարսափները: Կորցնելով ծնողներին, քույրերին ու երեք եղբայրներին, որոնք գազանաբար սպանվեցին իր աչքերի առջեւ, 14-ամյա Արշալույսը տարագրության ընթացքում խոշտանգվել ու պատվազրկվել է թուրք եւ քուրդ պաշտոնյաների ու ցեղապետերի հարեմներում. նրա պատմությունը արյան խրախճանքների ու մարդկային պատկերացումից դուրս դաժանությունների մասին վկայություններ են:



«Հոշոտված Հայաստան» գիրքն արդեն պատրաստ էր, երբ Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեն առաջարկեց գրքի սյուժեի հիման վրա ստեղծել մի կինոնկար, որի ամբողջ հասույթը (այն հետագայում կազմեց 30մլն. ամերիկյան դոլար) պետք է տրամադրվեր Մերձավոր Արեւելքի որբանոցներում գտնվող շուրջ 60 հազար հայ որբերի կենսաապահովմանը: 1918թ. Կալիֆորնիայում, ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելը նկարահանեց «Հոգիների աճուրդ» համր ֆիլմը (շուրջ 10 հազար անձանց, այդ թվում եւ հայ բռնագաղթվածների 200 երեխաների մասնակցությամբ), որը Մեծ եղեռնի մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն էր եւ ընդհանրապես` ցեղասպանության թեմային անդրադարձող առաջին ֆիլմն էր աշխարհում:



«Հոգիների աճուրդ» ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. փետրվարի 16-ին Նյու Յորքի Պլազա հյուրանոցում, Հայ-սիրիական ամերիկյան նպաստամատույց կոմիտեի անդամներ Օլիվեր Հարիմանի եւ Ջորջ Վանդերբիլթի հովանավորությամբ:





«Հոգիների աճուրդ» ֆիլմը Մեծ Բրիտանիա է բերվել 1919թ. դեկտեմբերին եւ ենթարկվել է պետական գրաքննությանը: Երկար բանակցություններից հետո Սկոտլանդ Յարդի համաձայնությամբ ֆիլմը ցուցադրվել է 1920թ. հունվարի 20-ին թագավորական Ալբերտ Հոլլում: Որոշ ժամանակ անց ֆիլմի ցուցադրումը մեկընդմիշտ դադարեցվում եւ հանվում է ցուցադրությունից: 1920-ական թթ. սկզբին ինչպես ամերիկյան, այնպես էլ բրիտանական գրադարաններից գրաքննության ենթարկվեց եւ հանվեց նաեւ «Հոշոտված Հայաստան» գիրքը:

Ավելի քան ութսուն տարի կինոյի պատմաբանները փնտրում են «Հոգիների աճուրդ» ֆիլմի 9 ժապավենները (մասերը), սակայն որեւէ հետք առայժմ չի հաջողվել գտվել: Կա վարկած, որ նիտրատի հիմքի վրա պատրաստված այդ հազվագյուտ ժապավենները ջրի տակ են անցել դեպի Բաթումի նավահանգիստ շարժվող խորտակված նավի հետ միասին, կամ դրանք գողացվել ու ոչնչացվել են Բաթում քաղաքում: Ֆիլմի ամբողջական տարբերակը` 85 րոպե տեւողությամբ, ցավոք, ցայսօր չի պահպանվել, եւ միայն 1994թ. արգենտինահայ Էդուարդ Գոզանլյանի ջանքերով հայտնաբերվել է ժապավենի 20 րոպեանոց մի հատվածը միայն, որի պատճեն պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում: Ֆիլմն ունեցել է նաեւ անգլերեն, հետագայում` ֆրանսերեն ու հայերեն ենթագրեր բոլոր տեսարանների համար, որոնց ցանկը բնագրով պահպանվում է Շարժանկարների արվեստի եւ գիտության ակադեմիայի Մարգրեթ Հերիքի գրադարանի Սելիջի հավաքածուում եւ լույս է տեսել 1997թ. Scarecrow Press-ի կողմից հրատարակված Էնթոնի Սլայդի «Հոշոտված Հայաստանը» եւ «Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---