Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը պրոթեզավորման գերմանա-հոլանդական լաբորատորիա կունենա

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը պրոթեզավորման գերմանա-հոլանդական լաբորատորիա կունենա

PanARMENIAN.Net - Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգմանը։

Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Հայաստան» հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակում Նիդերլանդների հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր Vereniging Armeniëfonds Nederland-ի ֆինանսավորմամբ, տեղեկացնում է հիմնադրամը։

«Սա առաջին նմանատիպ լաբորատորիան է Հայաստանում: Այն մեզ թույլ կտա ապահովել գերժամանակակից պրոթեզավորում, որը ոչ միայն առավելագույնի կհասցնի յուրաքանչյուր հիվանդի ֆունկցիոնալությունը, այլ նաև հնարավորություն կտա խուսափել հետագա բարդացումներից և վիրահատություններից: Մենք շնորհակալ ենք բոլոր այն հայերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով աջակցեցին այս կենսական ծրագրի իրականացմանը»,– ասել է վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:

Նոր լաբորատորիան ապահովելու է ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների ֆունկցիոնալ պրոթեզավորում: Քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության լաբորատորիան կբարձրացնի կենտրոնի գործառությունը` տրամադրելով հիվանդների հատուկ կարիքների խորը վերլուծություն, իսկ պրոթեզավորման լաբորատորիան կստեղծի ժամանակակից և յուրաքանչյուր հիվանդի կարիքներին համապատասխան պրոթեզներ: Այս ծրագիրը ներառելու է նաև վերապատրաստման բաղադրիչ, ինչի շնորհիվ հայ բժիշկները և պրոթեզավորման մասնագետները կմասնակցեն եվրոպական վերապատրաստման ծրագրերին՝ վերականգնողական կենտրոնի հիվանդների խնամքն ավելի արդյունավետ իրականացնելու համար:

Հիմնադրամից նշում են, որ ներկայումս մշակվում են նաև մի շարք ծրագրեր ինչպես հայրենիքի պաշտպաններին, այնպես էլ իրենց ընտանիքներին աջակցելու համար:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այժմ բուժում է ստանում 120 զինվոր:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---