Փաշինյանի մոտ քննարկվել է «1000 դրամի» հիմնադրամի հետագա գործունեությունը

Փաշինյանի մոտ քննարկվել է «1000 դրամի» հիմնադրամի հետագա գործունեությունը

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցության ընթացքում քննարկվել են Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեությանը վերաբերող հարցեր, վարչապետը կոնկրետ հանձնարարականներ է տվել ու կարևորել հիմնադրամի ռեսուրսների ավելացմանն ուղղված քայլերը՝ շահառուներին արագ և արդյունավետ սպասարկելու համար։

Փաշինյանը նշել է, որ զոհված, հաշմանդամություն ստացած և անհետ ճանաչված զինվորների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության հարցերի դեպքում հիմնադրամը հիմնական գործիքն է։

«Մենք այսօր պիտի քննարկենք հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը» և հասկանանք, թե այստեղ ինչ անելիքներ ունի կառավարությունը, ինչ անելիքներ ունի Կենտրոնական բանկը և ինչպիսի հարցեր են, որոնք մենք պետք է առաջիկայում լուծենք»,- նշել է Փաշինյանը:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ճանապարհային քարտեզով մանրամասնել է նախատեսվող միջոցառումները, որոնք ուղղված են հիմնադրամ ներգրավվող միջոցների ընդլայնմանը, շահառուների առջև ստանձնված պարտավորությունների արդյունավետ կատարմանը, բարերարների հետ աշխատանքին, կազմակերպչական խնդիրների լուծմանն ու կարգավորմանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---