27 փետրվարի 2009 - 11:09 AMT
Հայաստանն ու Սիրիան պայմանավորվել են պարզեցնել մուտքի արտոնագրերի տրամադրման ռեժիմը դիվանագետների համար
Մերձավոր Արեւելքում ընթացող այցի շրջանակներում Հայաստանի արտգործնախար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլիմի հետ: Հանդիպմանը հանգամանորեն քննարկվեցին երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայման հետ կապված հարցեր: Երկուստեք գոհունակությամբ նշվեց տարբեր ձեւաչափերով երկու երկրների արդյունավետ համագործակցության եւ միջկառավարական հանձնաժողովի գործունեության մասին: Նախարարներ Նալբանդյանն ու Մուալլիմը քննարկեցին Մերձավոր Արեւելքի եւ Հարավային Կովկասի տարածաշրջաններում անվտանգության ամրապնդման հետ կապված հարցեր:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Նախարարների հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց Դամասկոսում Սիրիայի իշխանությունների կողմից ՀՀ դեսպանատան շենքի տրամադրման մասին: Հայաստանի եւ Սիրիայի արտգործնախարարները ստորագրեցին համաձայնագիր ՀՀ կառավարության եւ ՍԱՀ կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամուլի ասուլիս` արաբական աշխարհի առաջատար լրատվամիջոցների մասնակցությամբ:

Երեկոյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպում ունեցավ Դամասկոսի հայկական կազմակերպությունների ղեկավարների, Հայ առաքելական եկեղեցու Դամասկոսի թեմի, Հայ կաթողիկե եկեղեցու եւ Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդների հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: